Երեկ Մայրենի լեզվի միջազգային օրն էր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչեւ 1 րոպե տեւողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որեւէ բարբառով պետք էր ներկայացնել մայրենի լեզվին նվիրված բեմականացում կամ ազատ ոճի այլ մտահղացում: Դպրոցները պետք է դրանք հրապարակեին իրենց սոցիալական հարթակներում #խոսումենքբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:
Տեսանյութերը գնահատել են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի անդամները՝ ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից, Լեզվի կոմիտեից, ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտից եւ ԿԶՆԱԿ-ից: ԿԳՄՍ նախարարությունը ստացել է շուրջ 450 տեսանյութ, որից ընտրվել է չափանիշներին համապատասխանող 177-ը: Նշված պահանջներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվել: Առավելագույն միավորներ հավաքած 5 տեսանյութերը կհրապարակվեն ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում՝ նշելով դպրոցը:
ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ
Մեկնարկել է «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը։ Այս տարի այն կանցկացվի 8-րդ անգամ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից։ Մրցույթի հիմնական նպատակներն են նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը, նրանց խաղերի սպառողներից վերածել խաղ ստեղծողների, բացահայտել տաղանդավորներին եւ հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները, ինչպես նաեւ բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին եւ անհատներին։ «Դիջիկոդ» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ծրագրավորել Scratch, K-turtle, Python, Particle, ESP32, IDE, C+++ ծրագրերով։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես դպրոցականները, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է: