Երեւանի մնջախաղի պետական թատրոնը ռեժիսոր եւ դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» մոնոներկայացմամբ եւ Արսեն Խաչատրանի «Օֆլայն» պսիխոդրամայով կմասնակցի Չելյաբինսկում կայանալիք «Թատրոնի մարդ» (ճպսՏՉպՍ ՑպՈՑՐՈ) 10-րդ միջազգային փառատոնին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փառատոնին հրավիրված ժյուրիի անդամներից է:
Նրա խոսքով՝ «Դեպի ներս» եւ «Օֆլայն» ներկայացումներն արդիական են եւ հարմար են «փոքր չափերի թատրոն» ասված փառատոնի համար: Երկու բեմադրությունն էլ հանդիսատեսին կներկայացվեն մարտի 3-ին Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ներկայացրած բեմադրությունները երիտասարդական են եւ ժամանակակից լուծումներով, կարծում եմ, որ այնտեղ մեծ հետաքրքրությամբ կդիտվեն»,- նշում է Դադասյանը: «Դեպի ներս» ներկայացման մեջ կին գայլը չգիտի՝ գայլից է արդյոք մարդու վերածվել, թե մարդուց գայլի. այնքան վաղուց է կորցրել սեփական դեմքը, որ մտածում է՝ արժանի չէ նույնիսկ իր բաժին լույսին։ Ինքնամաքրման ճանապարհի որոնումները տարբեր են՝ մինչեւ իսկ սեփական դահիճը դառնալու փորձը։ Պետք է գնալ «դեպի ներս», ամեն ինչ սկսել նորից, հաշտվել ինքդ քեզ հետ, բաց չթողնել քո լույսը եւ ապրել, ապրել ու ապրել: Ներկայացման նկարչական ձեւավորումը` ՀՀ վաստակավոր նկարիչ Անժելա Գալստյանի, Աղասի Մելքոնյանի: «Օֆլայն» պսիխոդրաման այն մասին է, թե որքան ենք հեռացել օֆլայն կյանքից եւ, անդադար օնլայն լինելով, չենք նկատում ամենակարեւորը՝ մենք կորցրել ենք իրար զգալու հատկությունը: Ներկայացման հերոսները փորձում են ցույց տալ՝ որքան վտանգավոր կարող է լինել անկենդան շփման քառակուսու մեջ հայտնվելը, ու փնտրում են դեպի իրական կյանք եւ հույզեր տանող ելքեր: Ռեժիսորն Արսեն Խաչատրյանն է, ներկայացման մեջ զբաղված են Կարեն Խաչատրյանը, Լուիզա Մելքոնյանը, երաժշտական ձեւավորումը՝ Հայկ Կարոյի: Միջազգային փառատոնին թատրոնի մասնակցությանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
ԵՐԿԱՐ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչը) հայտնել, որ երկար դադարից հետո վերադառնում է կրկին հեռուստաեթեր:
«Մարտի 14-ից սկսում եմ նկարահանել Երեւանում նոր՝ 16 մասից բաղկացած ֆիլմ: Երկար դադարից հետո ես էլի կնկարահանվեմ»,- գրել է պրոդյուսերը:
Հավելել է, որ ֆիլմը ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստաալիքով, այն եթերում կլինի ապրիլի վերջին:
«Դե՛ գուշակեք ֆիլմի անունը ու ովքեր են նկարահանվելու»,- վերջում հարցով է դիմել է Մենչն իր հետեւորդներին:
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՓԱՌԱՏՈՆԻՆ
Բեմադրող-խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն իր «Բարեւ, Քիթի՛» բեմադրությամբ մասնակցել է փետրվարի 17-26-ն Արաբական Միացյալ Էմիություններում կայացած Ֆուջայրահի 10-րդ միջազգային մոնոդրամայի հեղինակավոր փառատոնին։
Նա մասնակցության հրավերը ստացել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային թատերական ինստիտուտի գլխավոր տնօրեն Տոբիաս Բիակոնեի եւ ԱՄէ արքայազնի կողմից։
Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել եւ արժանացել մեծ գնահատանքի ինչպես հանդիսատեսի, այնպես էլ հրավիրված միջազգային մասնագետների կողմից։
Նշենք, որ «Բարեւ, Քիթի՛» ներկայացումը Ռիման բեմադրել է 2017թ.-ին Բեռլինի արվեստների ակադեմիայում, որն այնուհետեւ ներկայացրել է մի շարք Եվրոպական երկրներում։
Փառատոնն անցկացվում էր ԱՄԷ գերագույն խորհրդի եւ Ֆուջայրահի կառավարիչ Նորին Մեծություն, ԱՄԷ թագաժառանգ, Շեյխ Համադ Բին Մոհամմեդ Ալ Շարքիի բարձր հովանու ներքո։
ԳԼԽԱՎՈՐԵՑ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
Ֆուտբոլի Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը նշանակվել է Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ. աշխարհի առաջնության ավարտը. հաղորդում է Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
58-ամյա գերմանացի մասնագետի նախորդ թիմը եղել է Բեռլինի «Հերտան», որը լքել է 2020թ. փետրվարին։ Կլինսմանը գլխավորել է նաեւ Մյունխենի «Բավարիան» 2008-2009 թվականներին։
Կլինսմանի ղեկավարությամբ առաջին հանդիպումը Հարավային Կորեայի հավաքականը կանցկացնի մարտի 24-ին՝ ընկերական խաղում մրցելով Կոլումբիայի թիմի հետ։