ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2022Թ.-Ի ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփումը։ 

 

Ըստ նրա՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 5 ծրագիր, որոնց արդյունքում կառուցվել է մանկապարտեզի խաղահրապարակը եւ սեպտիկ հորը, 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի լուսավորության ցանցը, ներհամայնքային ոռոգման առուներ, ասֆալտապատվել է ներհամայնքային 2 փողոցը, հիմնանորոգվել է մշակույթի կենտրոնի շենքը։

«2020 թվականին Ծովինարի մանկապարտեզի հիմնանորգման ծրագիրը սկսվել է 2019 թվականից եւ ընթացել մի քանի փուլերով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

2019 թվականին Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգմանը հատկացվել է 28,8 միլիոն, 2020 թվականին՝ 40 միլիոն, 2021 թվականին՝ 28,5 միլիոն, 2022 թվականին՝ 61,5 միլիոն դրամ։ Նախորդ երեք տարիների ընթացքում ավարտի են հասցվել հիմնանորոգման, ինչպես նաեւ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները, իսկ 2022 թվականին տրամադրած միջոցներով ավարտվել են բակային տարածքի բարեկարգման, խաղահրապարակի եւ սեպտիկ հորի կառուցման աշխատանքները։ Ծովինարի մանկապարեզի հիմնանորոգման 2022 թվականի ավարտական փուլի համար տրամադրված գումարի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծովինարի մանկապարտեզն այս ուսումնական տարում իր դռները կբացի գյուղի նախադպրոցական տարիքի 100 երեխաների առջեւ։ Մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել էր 2005 թվականից շենքային անբավարար պայմանների պատճառով։

2021 թվականին Ծովինարի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 101 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1-ին թաղամասի 9-րդ փողոցը եւ 2-րդ թաղամասի 6-րդ փողոցը՝ շուրջ 1200 գծամետր երկարությամբ եւ 5 հազար քառակուսի մետր մակերեսով»,- գրել է Սարգսյանը։

Ըստ մարզպետի՝ 2022 թվականին Ծովինար գյուղի 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 6 միլիոն 562 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Լուսավորության ցանցը կառուցվել է 600 գծամետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 30 լուսատու։  2023 թվականին էլ Ծովինարի ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 32 միլիոն 280 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ոռոգման առուների ներքին ցանց է կառուցվել 2-րդ թաղամասի 6-րդ փողոցում շուրջ 700 գծամետր երկարությամբ, երկաթբետոնյա վաքերով եւ մետաղական խողովակներով։

Սարգսյանը նաեւ ներկայացրել է 2024 թվականի սպասվելիք ծրագրերը. «Ծովինարի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 19 միլիոն 980 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում մշակույթի կենտրոնում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ։ Մշակույթի կենտրոնի հիմնանորոգման ավարտական փուլը կիրականացվի 2023 թվականին նախատեսված սուբվենցիոն ծրագրով»,- մանրամասնել է նա։

 

 

 

ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԵՐԹԵՒԵԿՈՒԹՅՈՒՆԸ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներից ստանում է առաջարկներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ ասֆալտապատված հատվածում երթեւեկության սահմանված արագությունը բարձրացնելու վերաբերյալ։

«Նշված ճանապարհահատվածում սահմանված է 70կմ/ժ արագություն, եւ սահմանափակումները պայմանավորված են դեռեւս շարունակվող որոշ շինարարական աշխատանքներով։ Աշխատանքները ծրագրված է ամբողջովին ավարտել սույն թվականի օգոստոսին, որից հետո կվերականգնվի բնականոն երթևեկությունը, եւ կվերանայվի սահմանված արագությունը։

«Տեղեկացնենք, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, երթեւեկության արագությունը սահմանվում է ըստ Ժամանակավոր երթեւեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցվում է ՀՀ ՆԳՆ-ի հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կարեւորելով ճանապարհային անվտանգությունը, հայցում է վարորդների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշված է հաղորդագրությունում:

 

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՐՈՇՈՒՄ

Կառավարությունն իր մարտի 9-ի նիստում ընդունել է որոշում, որի արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական եւ կունենա պետության կողմից կազմակերպական եւ ֆինանսական հստակ հիմքեր։

Ըստ հիմնավորման՝ քիչ չեն դեպքերը, որ որոշ համայնքային արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատողները վարձատրվում են ոչ թե շաբաթական, այլ խմբերի կամ երեխաների քանակի հիմքով։

Վիճակագրության համաձայն՝ 2021/2022 ուսումնական տարում հանրապետությունում գործել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց եւ կենտրոն, որոնցից 50-ը ք. Երեւանում, իսկ մնացած 190-ը՝ ՀՀ մարզերում: Արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածության համար անհրաժեշտ է ապահովել մեկ միասնական մոտեցում, հստակ սահմանելով 1 դրույքաչափի համար նախատեսված ծանրաբեռնվածությունը, որը ուղիղ կապ ունի նաեւ վերջիններիս վարձատրության եւ աշխատանքի պատշաճ կազմակերպման եւ անցկացման գործընթացների հետ։

 

 

 

 

ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

Շուրջ երկու տարի ծագումով Աֆրիկայից՝ Կոտ դ Իվուարից Յաո Սիլվիոն Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի տղաներին ֆուտբոլ խաղալ է սովորեցնում։ Սիլվիոյի մասին Հայաստանի « 5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հեռուստատեսային ռեպորտաժ է ցուցադրել։ Սիլվիոն իր սաներից յուրաքանչյուրից ամսական 3 հազարական դրամ վարձ է վերցնում, հավաքված գումարը ծախսվում է Թեղուտ գյուղում  աֆրիկացի մարզչի վարձակալած բնակարանի վարձավճարի եւ կոմունալ ծախսերը հոգալու համար։ Թեղուտ բնակավարի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանը հայտնեց, որ  Սիլվիոն Թեղուտ  է տեղափոխվել Դիլիջան քաղաքից, նա որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Երեւանի  «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմի, Վանաձորի թիմի կազմում։ Վարչական ղեկաավարը հայտնեց, որ ինքը եւ Թեղուտի բնակիչները ինչքան կարողանում, օգնում են Սիլվիոյին ձմռան վառելափայտի, կենցաղային այլ հարցերում, սակայն Սիլվիոյի մեծ ցանկությունն է Թեղուտ գյուղում ունենալ ֆուտբոլի մեծ, իսկական խաղադաշտ, քանի որ այն խաղադաշտը, որտեղ աֆրիկացի մարզիչը պարապում է թվով շուրջ քսան թեղուտցի տղաների հետ, փոքր է, չի համապատասխանում ֆուտբոլի խաղադաշտի չափանիշներին։ «Ֆեյսբուք»-ում  գումարների հանգանակություն է սկսվել աֆրիկացի մարզչի մանկապատանեկան թիմին՝ «Տավուշ սպորտ կլուբին» օգնելու համար։ Հասարակական գործիչ Էդգար Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ «Ագբա» բանկում բացված համապատասխան հաշվեհամարին հավաքված գումարն ուղղելու են Թեղուտի պատանի ֆուտբոլիստների մարզական պարապմունքների համար նախատեսված մարզական պարագաներ գնելու համար։ Նա տեղեկացրել է, որ արդեն հանգանակվել է 100 հազար դրամ, իրենք մարտի 12-ին Երեւանից մեկնելու են Թեղուտ։ Թեղուտի վարչական ղեկավարն ասաց, որ աֆրիկացի երիտասարդ մարզիչը հասկանում եւ խոսում է հայերեն։ Նրանից իմանալով Սիլվիոյի բջջային հեռախոսահամարը՝ զանգահարեցի, սակայն աֆրիկացի մարզիչը չպատասախանեց։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում է Արմեն Մելիքբեկյանը, ով արմատներով Տավուշի մարզի Աչաջուր գյուղից է։ Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիան հսկայական գումարներ է ստանում ՈՒԵՖԱ-ից, ՖԻՖԱ-ից, Հայաստանի պետական բյուջեից, սակայն բավարար ուշադրություն չի դարձնում Հայաստանի մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։ 2018 թվականի իշխանափոխությունից առաջ՝ 2018-ի մարտ ամսին, սկսվել էր Բերդ համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցումը, որն անցած հնգամյակում չի ավարտվել։ ՀՖՖ-ն  ինչո՞ւ  չի լուծել Թեղուտի մանկապատանեկան թիմի աֆրիկացի մարզչի աշխատավարձի, նրա բնակարանի վարձի, կոմունալ ծախսերի փոխհատուցման, Թեղուտ գյուղի մանկապատանեկան թիմին մարզական գույքով ապահովելու  խնդիրը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս