ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Բուխարեստում

 

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում: Հայ ըմբիշը 55 կգ քաշայինների եզրափակչում 3-7 հաշվով զիջել է Ռումինիայի ներկայացուցչին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել: Հարությունյանը 87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում տուշեով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Գաբրիել Լուպասկոյին եւ զբաղեցրել 3-րդ հորիզոնականը, իսկ Ալբերտ Վարդանյանը 130 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում 6-1 հաշվով հաղթել է չեխ Մարսել Ալբինիին:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Մրցութային հավասար միավորների դեպքում ո՞ր դիմորդներին է տրվում առավելություն:

Մհեր Հայրապետյան (27 տարեկան)

 

ՊԱՏՍԽԱՆ. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,

2) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,

3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարություն

 

«ԺՈՈՎՈՒՐԴ». Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի եւ ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը:

 

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Վարկային պայմանագրի շրջանակներում հանդիսանում եմ երաշխավոր: Վարկառուն (վարկ վերցրած անձը) վճարումները չի կատարում ժամանակին։ Հիմա ես չեմ ցանկանում լինել երաշխավոր, ի՞նչ կարող եմ  անել։

Ժասմենա  Հարությունյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ տվյալ պարագայում երաշխավորությունը կարող է դադարել վարկառուի եւ ֆինանսական կազմակերպության միջեւ ձեռք բերված համաձայնությամբ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում, ինչի կապակցությամբ ցանկանում ենք նշել հետեւյալը. երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Վարկառուի հետ լինելով համապարտ պարտապան վարկառուի կողմից վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունների համար` երաշխավորը նույնպես պատասխանատվություն է կրում վարկային պարտավորությունների կատարման համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները եւ պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վարկառուի կողմից վարկային պայմանագրից բխող վճարումները չկատարվելու կամ անպատշաճ կերպով կատարվելու դեպքում վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը) կարող է իր պահանջները ներկայացնել ինչպես պարտապանին, այնպես էլ երաշխավորներին կամ նրանցից յուրաքանչյուրին, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:

 




Լրահոս