Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում: Մասնավորաբար, նախատեսվում է օրենքից հանել պատվավոր կոչումները և դրանց շնորհման կարգը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար: Եվ նախարարությունը կարծիք է հայտնել, որ չնայած այն հանգամանքին, որ օրենքով պատվավոր կոչումների նախատեսման նպատակն ի սկզբանե եղել է առանձին ոլորտում առանձնակի հաջողություններ և ներդրում ունեցած անձանց խրախուսելը, պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը:
Ավելին, պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների և կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա:
Նաև նշվում է, թե օրինակ մշակույթի և արվեստի ոլորտում նախատեսված պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.