Ալեն Սիմոնյանն Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ալեն Սիմոնյանը ցավակցել է գործընկերոջը երեկ Բելգրադում տեղի ունեցած բազմաթիվ երիտասարդ կյանքեր խլած ողբերգական միջադեպի համար: Կողմերն արձանագրել են Հայաստանի եւ Սերբիայի ջերմ բարեկամական հարաբերությունները` կարեւորելով բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը` նշելով օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ երկխոսությունը եւ բարեկամական խմբերի դերը:

Գործընկերները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության համար: «Ես հավատում եմ, որ նման հարթակներում մեր պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա մեզ բոլորիս լուծումներ գտնել մեզ համար բարդ հարցերի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Սերբ գործընկերը երախտագիտություն է հայտնել Հայաստանից մինչ օրս ստացած դրական արձագանքների եւ առարկայական գործընկերային հարաբերություններ պահպանելու համար, որը դրսեւորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Կողմերը քննարկել են մեր տարածաշրջանի անվտանգության հարցերին վերաբերող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների շարունակական ռազմատենչ հռետորաբանության եւ մաքսիմալիստական դիրքորոշման, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանության եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակի ժամանակագրությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանում խիստ անկայուն իրավիճակի համատեքստում կարեւոր է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ:

Սերբ գործընկերը նշել է, որ խաղաղությունն իրենց երկրի համար կարեւոր արժեք է, եւ ամենօրյա բանաձեւ են դարձել խաղաղության պահպանման համար ծախսվող էներգիան եւ ներդրվող ջանքերը: Նա նշել է, որ խաղաղասիրությունն այն գլխավոր նախադրյալն է, որը բնորոշում է Հայաստանին եւ Սերբիային, ինչի հիմքով էլ պետք է շարունակել համագործակցությունը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:




Լրահոս