ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի իշխանությունները խոսում են միայն 33 գերեվարվածների մասին, մյուս տղաներն ու՞ր են. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոթքում արդեն 20 օրից ավել է՝ ամենօրյա ռեժիմով կրակում են, բայց Հայաստանի իշխանությունը ոչ մի ձայն չէր հանում, ահազանգ չէր հնչեցնում: Սոթքի ոսկու հանքավայրի 800 աշխատակից անորոշության է մատնված, հարկադիր պարապուրդի մեջ են: Հիմա կրակոցների ինտենսիվությունն է փոխվել, էլ ավելի մեծ տրամաչափի զինատեսակներից են կրակում, սա է խնդիրը: Սրա մասին պետք է ավելի վաղ ահազանգեինք, այլ ոչ թե հիմա: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Տեսե՞լ եք, որ Հայաստանի որեւէ պաշտոնյա խոսի կառավարության նիստին Սոթքի ոսկու հանքավայրի կրակոցների մասին, ես չեմ հասկանում՝ ինչու՞ չեն խոսում, չեմ հասկանում՝ ինչու՞ են լռում, ումի՞ց են խուսափում, բայց փաստ է, որ լռությունը մեզ հասցրեց ավելի ծանր իրավիճակի»,-ասաց պատգամավորը:

Մեզ հետ զրույցում Թագուհի Թովմասյանը եւս մեկ ահազանգ հնչեցրեց՝ գերիների վերադարձի եւ անհետ կորածների որոնողական աշխատանքների մասին. «Հայաստանի իշխանությունները խոսում են 33 գերիների մասին, ես երեկ հանդիպել եմ անհետ կորածների եւ գերեվարվածների հետ, ուզում եմ ահազանգել՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հետեւողականություն ցուցաբերել: Արդեն մոտ 2 տարի կլինի՝ անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցվել են, Հայաստանը պահանջատիրություն չի ցուցաբերում: Հայաստանի պաշտոնյաները տարբեր օղակներում հայտարարում են, որ գերեւարված 33 զինվոր կա, իսկ իրենք ի՞նչ տեղեկություն ունեն, որ գերեվարվածները 33-ն են, մյուս տղաներն ո՞ւր են, ինչո՞ւ չեն խոսում բռնի գերեվարված կամ պատերազմի ժամանակ գերեվարված զինվորների մասին»,-ասաց Թագուհի Թվմասյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս