ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷԼ ԿՄՈՒԲԱՐԱՔՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը բավական բազմամարդ էր եւ առանձնանում էր իր էներգետիկայով:
Հանրահավաքի հենց սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ժամանակին սպարապետ Վազգեն Սարգսյանի մեկ կոչով 500 մահապարտ հավաքվեց, եւ այդ մահապարտները փոխեցին Արցախի պատերազմի ելքը: «Իսկ 500 ազատապարտները փոխելու են Հայաստանի իրավիճակն ու ապահովելու են ազատության հաղթանակը, իսկ Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը կանգնելու են ժողովրդի դատաստանի առաջ, ինչպես Մուբաքարը, Բեն Ալին եւ Քադաֆին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հանրահավաքի մասնակիցներն էլ ՀՀ Սահմանադրության եւ դրոշի ազատամարտիկներն են: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քննադատեց ներկայիս վարչապետին. «Մինչեւ հիմա վարչակազմը սխալ քաղաքականություն էր վարում, իսկ վերջերս էլ դա ստացել է շատ սուր արտահայտված մարազմատիկ բնույթ»: Նա կարծում է, որ պետք է համերաշխություն հայտնել ատոմակայանի աշխատակիցներին, որոնք աշխատավարձերի բարձրացում էին պահանջում: Ըստ Բագրատյանի՝ իրենց իշխանության տարիներին վերաբացվեց ատոմակայանը՝ գրեթե 90 տոկոսով ՀՀ ֆինանսական միջոցներով, ուստի անհասկանալի է, որ հիմա 400 միլիոն դոլար վարկ են վերցնում: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Ս.Սարգսյանին խորհուրդ տվեց Կարեն Կարապետյանի նման հրաժարական գրել. «Ցանկացած հրաժարական իր մեջ տղամարդկություն, արժանապատվություն է պարունակում, եւ դրանով ակամայից հարգանքով ես լցվում եւ ներողամիտ ես դառնում հրաժարական տվողի հանդեպ»: Նա դիմեց նաեւ բոլոր քաղաքական ուժերին՝ ասելով, որ այսօր ՀՀ-ում կա մի հարց՝ Ս.Սարգսյանի հրաժարականը, եւ պահանջեց, որ քաղաքական ուժերը դիրքորոշում հայտնեն այդ մասին. «Կա՛մ պետք է ասեն, որ կողմ են հրաժարականին, կա՛մ Ս.Սարգսյանի հաճախորդն են: Սա է խնդիրը, որից կախված է Հայաստանի ապագան»:
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Ս.Սարգսյանի հրաժարականին հասնելու երկու ուղղություն մատնանշեց. «Առաջինը` Ս.Սարգսյանի վարչախմբի նկատմամբ ժողովրդի ուղղակի ճնշումն է, երբ ժողովրդական զանգվածները հանրահավաքների, ցույցերի, երթերի, պիկետների ահագնացող ալիքով անհնար կդարձնեն ձախողված վարչախմբի գործունեության շարունակությունը եւ կստիպեն Սարգսյանին հրաժարական տալ: Երկրորդ ճանապարհը` Սահմանադրության 57 հոդվածի համաձայն` Ս.Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի հարուցումն է ԱԺ-ում` անհատ պատգամավորների եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ համապատասխան աշխատանքով եւ ժողովրդական ճնշմամբ»: Ըստ նրա՝ իշխանական բուրգում արդեն իսկ նկատելի են ճեղքվածքներ: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համեմատություն է արել արաբական երկրների հետ՝ ընդգծելով, որ ոչ մի քաղաքագետ այս ձմռանը չէր կարող կանխատեսել, որ, ասենք, արաբական երկրներում կլինի իշխանափոխություն: «Բայց հիմա քաղաքագետները հիմնավորում են, թե նման զարգացումն անխուսափելի էր: Նույնն անխուսափելի է նաեւ Հայաստանում, ժողովո՛ւրդ»,-նշեց Սարգսյանը: Ըստ նրա, եթե իշխանությունները չթողնեն ժողովրդին մարզերից գալ Երեւան՝ հանրահավաքի, ապա իրենք կգնան մարզեր` ժողովրդի մոտ, ու հետո բոլորով կգան Երեւան: «Եւ այդ օրը կլինի Հայ ազգային կոնգրեսի ամենամեծ հանրահավաքը: Ժողովուրդը պետք է որոշի այդ օրը: Մեր անելիքները մեր փոխարեն ուրիշ ոչ մեկը չի անելու, բայց մեր ձեռքբերումները լինելու են բոլորի ձեռքբերումները»,-ասաց նա՝ հիշեցնելով Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Կանգ առնել է պետք, ետ նայել է պետք, մտածել է պետք…»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կարծիքով՝ երկրում ետիրող իրավիճակը 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանք է: «1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեր պետության եւ ժողովրդի դեմ կատարված ծանրագույն հանցագործություն էր, որ հետեւանքներն առ այսօր հաղթահարված չեն: Այսօր մեր երկրում բոլորովին այլ իրավիճակ կլիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Չէր լինի մարտի 1-ը, չէր լինի այս արտագաղթը, չէր լինի այս համակարգային դեգրադացիան»,-նշեց նա: Ուստի, ըստ նրա, իրավիճակից դուրս գալու ելքը ժողովրդավարական ընտրությունների միջոցով երկրում օրինական, լեգիտիմ իշխանությունների ձեւավորումն է. «Եւ մենք հասնելու ենք դրան»:
Հանրահավաքն ավարտվեց երթով. պատկերացնելու համար մասնակիցների թիվը բավական է միայն նշել, որ երթի առաջին շարքերը հասել էին Սախարովի անվան հրապարակ, իսկ երթի մյուս ծայրը դեռ Ամիրյան փողոցից մտնում էր Հանրապետության հրապարակ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս