Այսօր Հայաստանի դպրոցներում կհնչի Վերջին զանգը. քանի շրջանավարտ ունենք այս տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի դպրոցներում կհնչի  ուսումնական տարվա ավարտն ազդարարող Վերջին զանգը:

Վերջին դասը կլինի մայիսի 26-ին, եթե աշխատում են հնգօրյա գրաֆիկով, իսկ 6-օրյա գրաֆիկի դեպքում՝ մայիսի 27-ին:

Հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանը կավարտի շուրջ 35.300 սովորող, 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ:

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար Վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները:

2023 թվականին ուսումնական տարվա ավարտական դասարանցիներին շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը.

« Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի և ձեր ուսուցիչների շնորհիվ։ Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան չունեք և ձեր կյանքի հաջորդ փուլերում փորձելու եք գտնել այդ պատասխանները՝ սխալվելով ու հաջողելով, հիասթափվելով և ոգևորվելով, կասկածելով ու վստահելով։ Կարևոր է, որ այդ հետաքրքիր ու բազմաշերտ ճանապարհին պահեք հիմնական առանցքն ու արժեքները: Որ ասպարեզում էլ ձեր ջանքը դնեք, եղեք հաստատակամ ու փորձեք անել լավագույնը, եղեք հոգատար հանրության առջև, պատասխանատու և պահանջատեր՝ պետության առջև, սովորեք սիրել ու ներել, ինքներդ ձեզ համար ձևակերպել և պահել ձեր սկզբունքներն անորոշ ու բարդ իրավիճակներում, մտածել ձեր որոշումների և արարքների հետևանքների ու ազդեցության մասին»։

Նշենք, որ օրվա առթիվ ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ուժեղացված ծառայություն կիրականացնի նաև «Վերջին զանգի» երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ։

«Սիրելի՛ շրջանավարտներ: Շնորհավորում ենք «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում հաջողություն և նպատակների իրականացում։ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետության մայրաքաղաքում և մարզերում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական արարողություններ, կլինեն ոստիկանության ներկայացուցիչներ, մարզերում, որտեղ գործում է պարեկային ծառայությունը, դպրոցներում ու հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկային վերակարգերը: Ուժեղացված ծառայություն կիրականացվի նաև երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ: Պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության խնդիրն է՝ բացառել շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերն ու ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումներ:

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ մեր նպատակը պատժելը չէ, այլ հասարակական կարգի և օրվա տոնականության պահպանումը»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս