ՀՀ-ում ավտոմեքենաների ներմուծման, վաճառքի, արտահանման կեղծ գործարքների շարան է բացահայտվել. ՊԵԿ-ում կարգավորումներ են նախաձեռնում
Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կամ արտահանման կեղծ գործարքների շարան է բացահայտվել։ Այս մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Իրավաբանական անձանց միջոցով ֆիզիկական անձն աճուրդով գնում է մեքենա, բայց իրավաբանական անձը, հանդես գալով զուտ որպես միջնորդ, ձևակերպում է այդ մեքենան՝ որպես սեփական ներմուծում, և վճարված ԱԱՀ-ն բնականաբար ընկնում է արդեն ընդհանուր կարգավորումների դաշտ, ըստ որի՝ ինքը վերադարձի իրավունք ունի։ Բայց իրականում մեքենայի համար վճարել է ֆիզիկական անձը, ինքը ի սկզբանե գինը պայմանավորվել է, այսինքն՝ կարելի է ասել՝ կեղծ գործարքների շարան ունենք ներմուծման, այնուհետև վաճառքի ձևակերպման կամ արտահանման»,- ասաց Բադասյանը։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ նման կեղծ գործարքներից խուսափելու համար մտածում են օրենսդրական նոր կարգավորումներ անել: