ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մասնակցում է «Ձևավորելով ապագան» խորագրով՝ կրթության միջազգային ֆորումին:
Նախարարների միջազգային ֆորումի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյովսկին։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում փոխհամագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Կազանում ընթացող նախարարների միջազգային ֆորումին մասնակցելու հրավերի համար։ Նա կարևորել է ֆորումը՝ որպես կրթության ոլորտում փորձի փոխանակման լավագույն հարթակներից մեկը՝ ներկայացնելու և ուսումնասիրելու պետությունների լավագույն փորձը՝ ուղղված կրթության որակի և արդյունավետության բարձրացման ապահովմանը։
Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ կարևորելով համալսարանի կայուն զարգացումը։ Նախարարները ստորագրել են Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու համատեղ հրաման։ Ռեկտորի պաշտոնում նշանակվել է համալսարանի ընդհանուր ժողովին ընտրված թեկնածուն՝ Էդուարդ Սանդոյանը։
Կողմերը կարևորել են 2023 թ. հունիսի 13-14-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական գիտակրթական համաժողովի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական փոխհամագործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ համատեղ իրականացվող նախաձեռնությունները լավագույնս պետք է կիրառել՝ հայ-ռուսական համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում բարձրացնելու որակապես ավելի բարձր մակարդակի։
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ փոխհամագործակցությունը հանրակրթության, նախնական ու միջին մասնագիտական կրթության ոլորտներում՝ այս համատեքստում կարևորելով Երևանում 2023 թ. հունիսի 13-14-ը կայանալիք ֆորումի աշխատանքները։
ԿԳՄՍ նախարարն այցի ընթացքում մասնակցել է նաև ֆորումի շրջանակում կազմակերպված՝ ՌԴ կրթության ցուցահանդեսին։