ՖՈՏՈ․ Իշխանական արտոնյալները հարկատուների հաշվին ընտանյոք հանդերձ գործուղման են մեկնում. քաղաքացիները դժգոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական վերնախավում կարծես պրոտոկոլ է դարձել աշխատանքային այցերի դեպքում անգամ ողջ ընտանիքով գործուղման մեկնելը:

Այս երևույթը սոցիալական ցանցերում քաղաքացիների դժգոհությունն է առաջացրել: Ստացվում է՝ հարկատուներիս հաշվին իշխանական արտոնյալները ընտանյոք հանդերձ են գործուղման մեկնում:

ArmLur.amգրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն վերջերս մեկնել էր Սոչի՝ ԱՊՀ վեհաժողովին մասնակցելու նպատակով. վարչապետը Սոչի էր գնացել փոքր դստեր՝ Արփիի հետ:

Այս արատավոր սովորույթից հետ չի մնում նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս էլ մշտապես գործուղման մեկնում է տիկնոջ հետ:

Այսպիսով՝ հունիսի 6-9-ը ԱԺ պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր Լոնդոն: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Համացանցում հրապարակված լուսանկարներից երևում է, որ Սիմոնյանը աշխատանքային այցով Լոնդոն մեկնել է տիկնոջ եւ դստեր հետ, որը հանրության շրջանում մեծ զայրույթ է առաջացրել:

Քաղաքացիները նշում են, որ հայրենի պաշտոնյանները պաշտոնական այցերը դարձրել են իրենց ընտանեկան հանգիստը, ովքեր գնում են նոր քաղաքներ` նոր երկրներ բացահայտելու համար: Սա իրականում խայտառակություն է, քանի որ պետական պաշտոնյանները Հայաստանի համար այս օրհասական օրերին կյանքն են վայելում տարբեր երկրներում` իրենց ընտանիքի անդամների հետ, երբ ասենք նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչները հայտնվել են հակառակորդի գնակոծությունների տակ, Արցախը 177 օր գտնվում է շրջափակման մեջ ու Հայաստանի սահմանը ողջ երկայնքով վտանգավոր վիճակում է գտնվում:

Ք․ Մ․




Լրահոս