ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են տրամադրված հայերը՝ Հուրգադայում շնաձկան հարձակման դեպքից հետո․ Եգիպտոս կմեկնե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  հայտնի դարձավ, որ Հուրգադայում զբոսաշրջիկը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով:

Միջադեպը տեղի է ունեցել Dream Beach հյուրանոցի լողափից 30 մետր հեռավորության վրա՝ մյուս հանգստացողների աչքի առաջ։

ArmLur.am-ը կապ հաստատեց մի քանի տուրիստական ընկերությունների հետ, պարզելու, թե արդյոք այս ամենի ֆոնին մարդիկ դեռ ցանկանում են գնալ Հուրգադա թե ոչ և արդյոք եղել են տոմսերի վերադարձներ:

«Ատլանտիս» տուրից մեզ պատասխանեցին, որ իրենք բացարձակ չեն սպասարկում դեպի Հուրգադա ուղղությամբ ճամփորդություններ:

Իսկ «Յամայկա թրեվլ» տուրիստական ընկերությունից պատասխանեցին, որ իրենց հաճախորդների հետ նման դեպքեր տեղի չեն ունեցել և մեր հարցերին էլ չեն կարող պատասխանել:

«Շելբի» տուրիստական ընկերության պատասխանատուն մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեկ դեպի Հուրգադա ճամփորդողների թիվը ավելի մեծ է եղել, այսօր նվազել է, բայց ամեն դեպքում կան մեկնողներ:

«Մի քանի հաճախորդ ունեինք, որ անհանգստացած էին այս դեպքերի մասով, հետաքրքրվում էին՝ ափերը փակվել են, թե ոչ, բայց քանի որ դեպքը երեկ է եղել, մենք դեռ շատ տեղեկություններ չունենք այդ մասին, անգամ հաճախորդի  չկարողացա հստակ տեղեկություն տալ»,-ընդգծեց ընկերության աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Հուրգադայում շնաձուկը հարձակվել է ռուս զբոսաշրջիկներից մեկի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Իսկ ավելի ուշ շնաձկանը հաջողվել է բռնել։

Մահացածը 1999 թվականին ծնված ռուս է, ով տեղափոխվել էր Եգիպտոս։  Ըստ տեղեկությունների՝ մահացածի ընկերուհուն հաջողվել է դուրս գալ ջրից ու ծովափից հետեւել, թե ինչ է կատարվում։

Այն տարածքում, որտեղ դեպքը տեղի է ունեցել, թույլատրվել էր լողալ, սակայն հանկարծ հայտնվել է շնաձուկը և անմիջապես բռնել  տղային։ Փրկարարները տեսել են և սկսել գործի դնել նավակը։ Տղան փորձել է լողալով հեռանալ շնաձկից, բայց չի կարողացել։ Ականատեսները հայտնել են, որ շնաձուկը տղայի մարմինը 2 ժամ քարշ է տվել:

Միջադեպից հետո նահանգի իշխանությունները հրահանգել են փակել Կարմիր ծովի՝  Հուրգադայի բոլոր լողափերը։

Հիշեցնենք նաև, որ սա Եգիպտոսում շնաձկների կողմից հարձակման առաջին դեպքը չէ։

Մաշա Մելքոնյան




Լրահոս