Երեւանում եւ եւս 5 երկրի 84 քաղաքում միաժամանակ անցկացվել է One Run միջազգային կիսամարաթոնը:
Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը: One Run-ի մեկնարկն ու վերջնարկը տրվել է Հանրապետության հրապարակում, իսկ երթուղին ընդգրկել է Երեւանի Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Իսահակյան եւ մի շարք այլ կենտրոնական փողոցները:
Մրցաշարին հետեւել եւ հաղթողներին պարգեւատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Նմանօրինակ մրցաշարի անցկացումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանում մասսայական սպորտը բավական լավ տեղաշարժ ունի եւ վերելք է ապրում: Վստահ եմ՝ մոտ ապագայում մենք մասսայական սպորտի միջազգային լուրջ մրցաշարեր կունենանք: Ինքներս էլ որոշել ենք միջազգայնացնել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի եւ լողի մրցաշարերը: Բոլորիդ կոչ եմ անում մասնակցել նաեւ այդ մրցաշարերին, որոնք առողջ ապրելակերպի գրավականն են: Բոլոր նրանք, ովքեր դուրս եկան մեկնարկ, քայլ արեցին դեպի ավելի առողջ կյանք: Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին եւ նորանոր հաջողություններ մաղթում»,- ասել է Կարեն Գիլոյանը:
One Run միջազգային մրցաշարի շրջանակում 0-12 տարեկան մասնակիցները հաղթահարել են 1 կմ, 13 տարեկան եւ բարձր մասնակիցները` 5 կմ, 16 տարեկան եւ բարձր մասնակիցները՝ 10 կմ, իսկ 18 տարեկան եւ բարձր մասնակիցները՝ 21,1 կմ վազքատարածությունը:
Տղաների պայքարում 21.1 կմ մրցատարածությունն առաջինը հաղթահարել է Դմիտրի Կորոլեւը Վանաձորից՝ գրանցելով 1 ժամ 16 րոպե 36 վայրկյան արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրել է Նարեկ Պետրոսյանը 1:27:15 արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բաբկեն Գեւորգյանը (1:31:06):
Դմիտրի Կորոլեւը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին հնարավորության համար՝ շեշտելով, որ երկար նախապատրաստվել են մրցմանը. «Սա միանշանակ տոն էր, որը վայելեցինք: Երթուղին եւս հիանալի էր՝ քաղաքի կենտրոնական փողոցներով ու տեսարժան վայրերով: Ես ինքս ապրում եմ Վանաձորում, ու երեւանյան կոլորիտը զգալն արդեն իսկ հիանալի էր ինձ համար: Շատ հետաքրքիր էր: Մտածում էի՝ բարդ կլինի, բայց հանդիսատեսի ոգեւորությունն ու աջակցությունը շատ օգնեցին: Հաջորդ նպատակս հոկտեմբերին Երեւան մարաթոնին մասնակցելն ու ավելի լավ արդյունք գրանցելն է»:
Աղջիկների պայքարում կիսամարաթոնի հաղթողի կոչմանն արժանացել է Քնար Աբրահամյանը, որը 21.1 կմ մրցատարածությունը հաղթահարել է 1:41:19 ժամանակում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կարինա Բաղդասարյանը՝ 2:04:16 արդյունքով, լավագույն եռյակը եզրափակել է Նաիրա Մարգարյանը (2:10:49): Քնար Աբրահամյանը մասնագիտությամբ երաժիշտ է, ապրում է ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում առաջին անգամ է մրցաշարի մասնակցում. «Շատ ուրախ եմ հաղթանակի համար: Իհարկե, շատ շոգ էր, բայց ադրենալինն այնքան մեծ էր, որ ոչ մի դժվարություն չէր կարող խանգարել: Սպորտով զբաղվում եմ սիրողական մակարդակում, ԱՄՆ-ում նաեւ մարաթոնյան վազքի մրցաշարի եմ մասնակցել ու հաղթող ճանաչվել՝ հաղթահարելով 42 կմ մրցատարածությունը»:
Մրցաշարի հաղթողներից էր նաեւ Լիլիթ Հարությունյանը, որն ուժերն է փորձել կանանց 5 կմ մրցատարածությունում ու դարձել ոսկե մեդալակիր: Լիլիթը «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի մշտական մասնակիցներից ու սիրողական խճուղային հեծանվավազքի այս տարվա հաղթողներից է. նա ընդամենը 2 ամիս առաջ է մայրացել:
«Այս մեդալն ինձ շատ է ոգեւորել, եւ հուսով եմ՝ կնպաստի հետագա հաջողություններ գրանցելու համար: Մարզվում եմ այն ժամանակ, երբ բալիկս քնած է: Ամուսինս շատ է օգնում ինձ: Մեծ աղջիկս էլ է զբաղվում աթլետիկայով ու այսօր եւս հաղթող ճանաչվեց 1 կմ վազքում: Կարելի է ասել՝ սպորտային ընտանիք ենք ու միմյանց օգնելով՝ կարողանում ենք հաջողությունների հասնել»,- ասում է Լիլիթ Հարությունյանն ու ընդգծում՝ առաջիկայում նախատեսում է մասնակցել «ՀՀ վարչապետի գավաթի» սիրողական խճուղավազքի մրցաշարին:
One Run-ի մրցանակակիրները պարգեւատրվել են մեդալներով, շապիկներով, վկայականներով եւ խրախուսական նվերներով:
Միջոցառումն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Հերոսների մրցավազք» ինքնավար ոչ առեւտրային կազմակերպության աջակցությամբ: Միջոցառման շահառուն եւ բարեգործական գործընկերն է «Շտապի՛ր դեպի բարին» հիմնադրամը:
One Run կիսամարաթոնը 7 տարի շարունակ անցկացվել է միայն Ռուսաստանում եւ երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն:
ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՃ
2023 թվականի մայիսի 1-31-ը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային եւ ոչ տոմսային արգելոցներ եւ արգելոց-թանգարաններ է այցելել ընդհանուր 85 076 տեղացի եւ օտարերկրացի զբոսաշրջիկ:
2022 թվականի նույն ժամանակահատվածում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արգելոցներ է այցելել 67 163 զբոսաշրջիկ:
Այսպիսով, 2023-ի մայիսին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցները եւ արգելոց-թանգարանները այցելությունների թվի 22 տոկոս աճ են գրանցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
ՏՐՈԼԵՅԲՈՒՍՆԵՐԸ ՀԱՍԱՆ
15 նոր տրոլեյբուսներից 12-ն արդեն Երեւանում են։ Այս մասին նշվեց հունիսի 5-ի Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ: Թե նոր տրոլեյբուսները երբ շահագործման կհանձնվեն, առայժմ հայտնի չէ, սակայն քաղաքային իշխանությունները հերթական մրցույթն են հայտարարել տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երեւանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, եւս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։
Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։
Մայրաքաղաքի բնակիչներին մինչեւ տարեվերջ կսպասարկեն 87 MAN մակնիշի ավտոբուսներ (105 նստատեղ) եւ 150 հատ 8,6 մետր երկարությամբ Zhong Tong ավտոբուսներ ( 60 նստատեղ):