ՄԵՂԱԴՐՅԱԼ՝ ՔՊ-ԱԿԱՆԻ ԵՂԲՈՐ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին  հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ երեկ Երեւանի Բաղրամյան պողոտայում սպանված Վարազդատ Գասպարյանը որպես մեղադրյալ ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով:  Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից:

 

Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում՝ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարեւանությամբ: Սպանվածը Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 35-ամյա Վարազդատ Գասպարյանն է, որը հայտնի է Գնունեցի Վարազիկ անունով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչ սպանությունը Վարազդատ Գասպարյանն անցել է եւս մեկ քրեական գործով. 2021 թվականի հուլիսի 18-ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում՝ ԱԱԾ Երեւանի վարչության դիմաց. կրակել էին սեւ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երեւան քաղաքի բնակիչներ 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի եւ մյուս կողմի՝ Երեւանի բնակիչ 35-ամյա Նարեկ Կարապետյանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջեւ:

Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետեւանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Այս գործով մեղադրյալի աթոռին էր հայտնվել  Ռոբերտ Սուքիասյանը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, խուլիգանական մղումներով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ խուլիգանություն կատարելու համար:

Մեղադրյալի աթոռին էր հայտնվել նաեւ Վարազդատ Գասպարյանը, որին երեկ սպանեցին Երեւանի կենտրոնում. նրան էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի հուլիսի 18-ին, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, խուլիգանական մղումներով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն: Այս գործը դեռես դատարանում է քննվում, եւ, ահա, երկու տարի անց մեղադրյալներից մեկին սպանում են, այն էլ՝ կրակելով աչքին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՆԽՎԵԼ Է ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության:

 

Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է Մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ:

Նշված զանգվածի հայտնաբերման փաստով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանու ուղարկող է հանդիսանում ԻԻՀ քաղաքացի Է.Բ-ն:

Քաղաքացին հայտնաբերվել եւ ձերբակալվել է, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Փաստի առթիվ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

ՍԻՐԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Անդրանիկ Աշոտի Կարապետյանը մեղադրվում է այն հանցավոր արարքի կատարման համար, որ 2023թ.-ի հունվարի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդար» կոչվող գյուղմթերի շուկայի վերջնամասում գործող մանրածախ առեւտրի համար նախատեսված սրահում խանդի շարժառիթով, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ պահած կենցաղային օգտագործման համար նախատեսված դանակով մեկ անգամ հարվածել է Սարգիս Ատիկյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է, ինչպես նաեւ մեկ ուրիշի առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ նույն դանակով հարվածներ է հասցրել օգնության հասած Արթուր Հարությունյանի մարմնի տարբեր մասերին:

Այսպես, Անդրանիկ Աշոտի Կարապետյանը, դեռեւս 2021 թվականի օգոստոս ամսից կասկածներ ունենալով իր կնոջ՝ Ալվարդ Դիլանյանի եւ իրենց հետ գյուղմթերքի առեւտուր կատարած Սարգիս Ատիկյանի միջեւ եղած սիրային կապի վերաբերյալ, խանդի շարժառիթով 2023թ-ի հունվարի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայի վերջնամասում գործող մանրածախ առեւտրի համար նախատեսված սրահում հանդիպելով Սարգիս Ատիկյանին, մոտեցել եւ իր մոտ պահած կենցաղային օգտագործման համար նախատեսված դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս պարանոցի ձախ կեսի վերին երրորդականի առաջային մակերեսին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է։

Այնուհետեւ նույն դանակով հարվածներ է հասցրել օգնության հասած Ա.Հարությունայնի քրոջ որդու՝ Արթուր Հարությունյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով միջին ծանրության վնաս՝ «ձախ նախաբազկի վերին երրորդի ներսային մակերեսի կտրած-ծակած վերք՝ մկանների եւ անոթների վնասումով, աջ դաստակի ափային մակերեսի կտրած վերք» մարմնական վնասվածքներ, որից հետո հեռացել է նշված վայրից։

Այսինքն՝ Անդրանիկ Աշոտի Կարապետյանը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Գործը մտավ դատարան։

Ք.Մ.




Լրահոս