«Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում» (ԱԱՊՀ) ՀԿ-ն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացրեց Հայաստանի 2023-2030թթ. զբաղվածության ռազմավարության քննարկում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի աջակցությամբ, ներգրավելով ԱԱՊՀ անդամ կազմակերպություններ «Ամերիա» եւ «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» խորհրդատվական ընկերություններին, մշակել է «Հայաստանի 2023-2030 թթ. զբաղվածության ռազմավարություն»-ը:
Այն բաղկացած է զբաղվածության ոլորտի ուսումնասիրությունից, աշխատանքի շուկայի միտումների վերլուծությունից, աշխատուժի պրոֆիլավորումից, զբաղվածության ռազմավարությունների միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունից, տեսլականից ու նպատակներից եւ դրանցից բխող գործողությունների ծրագրերի սահմանումից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ԱԱՊՀ հետ քննարկում կազմակերպելու նախաձեռնության նպատակը մասնավոր հատվածի տեսակետին, մարտահրավերներին ու առաջարկություններին ծանոթանալն էր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծեց, որ զբաղվածության ռազմավարության մեջ կարեւոր փոփոխություններ են իրականացրել պետական քաղաքականության մոտեցման մեջ, որտեղ շեշտադրումը մարդկային կապիտալի զարգացումն է:
«Առաջին քայլը բարձր արտադրողականությամբ աշխատողների թվաքանակի աճին նպաստելու քաղաքականությունն է, մյուս կարեւոր ուղղությունն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի պետական համակարգի նպաստ ստացող մարդիկ ինտեգրվեն աշխատաշուկայում: Մյուսը պահանջարկի եւ առաջարկի անհամապատասխանության նվազեցումն է: Այս կետերին հասնելու համար մի շարք թիրախային խմբեր ենք սահմանել աշխատանքային ակտիվ միջավայրում ներգրավելու համար, որոնցից են մարզային քաղաքները ներառող համայնքների աշխատանքային տարիքի քաղաքացիները, 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդները եւ միջին տարիքի՝ 30-40 տարեկան կանայք: Եթե կարողանանք այս բոլոր ուղղություններով աշխատաշուկան զարգացնել, ապա կարող ենք համարել, որ ոլորտային համապարփակ փաստաթուղթը, որը հիմա մշակվում է, իր նպատակին ծառայել է»,- նշեց նախարարը:
Նարեկ Մկրտչյանն ընդգծեց, որ մարդկային կապիտալի զարգացումը հնարավոր է իրականացնել միայն զուգահեռ տնտեսական, տարածքային եւ կրթական զարգացման ծրագրերը համադրելով:
«Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ներկայացնելով զբաղվածության ռազմավարությունը, նշեց, որ աշխատաշուկայում առկա առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունների կրճատման նպատակով Հայաստանը պետք է խթանի զբաղվածությունը մրցունակ աշխատուժի ձեւավորման եւ բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:
«Հայաստանի զբաղվածության ռազմավարությունը թիրախավորելու է մարզային քաղաքները ներառող համայնքները, որտեղ կենտրոնացած են զբաղվածության ամենախորքային խնդիրները, ինչպես նաեւ չսովորող, չաշխատող երիտասարդներին ու միջին տարիքի (30-40) չաշխատող կանանց երկարաժամկետ հեռանկարում խրախուսելու աշխատանքի արտադրողականության աճը: Նման հեռանկարային եւ կենսական նշանակություն ունեցող ծրագրերը պետք է ուղեկցվեն զբաղվածության պետական քաղաքականության հիմնարար վերափոխմամբ»,-ասաց Ջրբաշյանը։
Քննարկման ընթացքում ելույթ ունեցան նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, որոնք նշեցին իրենց նկատառումները ռազմավարության վերաբերյալ։