Շրջակա միջավայրի նախարարությունը արշավականներին և ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին հորդորել է Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ այցելելիս առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական միջավայրին, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ։
Հորդորից զատ, նախարարութունը լճից լուսանկար է հրապարակել և գրել.
«Լուսանկարում Հայաստանի բնության գոհարներից մեկն է՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը:
Լիճը գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք։
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Տարվա այս շրջանում լճի տարածքը զբոսաշրջային և արշավական խմբերի սիրելի այցելելու վայրերից է»: