«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արտ Լանչ» ընկերության համասեփականատեր Բակուր Մելքոնյանի հետ՝ կապված ՊՆ-ին մատակարարվող սննդի հետ, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, թունավորման դեպքերի է հասցրել: Մենք փորձել ենք պարզել, թե ինչպես է ստացվում, որ ընկերությունն անորակ սնունդ է մատակարարում բանակին, որի հետեւանքով նման տհաճ իրավիճակ է ստեղծվում:
-Պարո՛ն Մելքոնյան, մենք դժգոհություններ ենք ստանում հատկապես Պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ եղել են դեպքեր, երբ զինվորները թունավորվել են, առաջացել է փորլուծություն: Մենք նաեւ ունենք «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մատուցված սննդի հետեւանքով թունավորման դեպք: Ի՞նչ կասեք այս մասին: Ինչո՞ւ մարդիկ, որ Ձեզ գումար են վճարում, կանգնում են նման խնդրի առջեւ:
-Ես բազմաթիվ անգամներ այս հարցի մասին խոսել եմ տարբեր տեղերում: Մեր հիմնական խնդիրն այն է, որ առանց հետաքննության ու փաստերի բարձրաձայնում ենք խնդիրներ:
Ես միշտ մի լավ օրինակ եմ բերում. երբ ես գտնվում էի Կանադայում ընկերջս հետ, ով էլի շատ լավ բիզնեսմեն է, իրար հետ հայաստանյան լուրերն էինք կարդում եւ տեսանք, որ X կազմակերպության աշխատակիցը մարդու է ենթարկել վրաերթի: Սա երբ ես պատմում եմ, Հայաստանում որեւէ ռեակցիա չի առաջ բերում մարդկանց մոտ: Իմ համար էլ էր դա սովորական: Կարդացի, ուզում էի առաջ անցնել: Ընկերս այդ պահին հարցրեց, թե ինչ է կատարվում՝ ասելով, որ տվյալ լրատվամիջոցը եթե լիներ Կանադայում, կլուծարեին, որովհետեւ եթե պարզվի, որ տվյալ վարորդին տվյալ կազմակերպությունը ընդունել է աշխատանքի առանց վարորդական իրավունքի կամ, օրինակ, աշխատանքի ժամանակ թողել են ալկոհոլ օգտագործի, արդար է, որ գրվել է այդ մասին, բայց եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է, եւ այդ աշխատակիցը վրաերթի է ենթարկել մեկ այլ մարդու, ո՞վ է պատասխանատուն:
Զինվորների պարագայում պատկերն այսպիսին է: Բանակին սնունդ տալիս է 6 կազմակերպություն: Դրանցից մեկը «Արտ Լանչ»-ն է: Ցավոք սրտի, այս պարագայում եւս, առանց որեւէ փաստերի ստուգման, առաջ բերվեց մեր կազմակերպության անունը: Ինչի՞ համար. որովհետեւ անունը շատ հայտնի է, եւ շատ հետաքրքիր կլինի կարդալը, որ դա հենց ինքն է արել կամ մեկ այլ հայտնի կազմակերպություն:
-Իսկ պարզաբանում ստացե՞լ եք, թե ինչու են հենց «Արտ Լանչ»-ի անունը նշում:
-Պն-ի բոլոր փաստաթղթերում կան, թե ինչ սննդից է տեղի ունեցել թունավորումը: Ես ՊՆ-ի կողմից լիազորված չեմ հայտարարություններ անել: Կա կարգուկանոն, որից ելնելով՝ մենք այժմ գտնվում ենք ամենախիստ ստուգման տակ թե՛ սննդի տեսչության եւ թե՛ այլ գերատեսչությունների կողմից:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«Քանի Ալիեւ-Նիկոլ չարաբաստիկ զույգը կա, չեն լինելու խաղաղություն, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, կենսական ազգային շահ»,- հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշել է. «Եվ դարձյալ արտահերթ ու ակամա մարտիրոսված մեր չորս ոսկե տղերքն էին Իլհամի եւ Նիկոլի պայմանավորված քաղաքականության թիրախում։
Անհուն կսկիծով կիսում եմ Արմոյի, Սամվելի, Երվանդի եւ Գագիկի ընտանիքների ու ծառայակից ընկերների անասելի վիշտը։ Նրանց կենդանի հիշատակը մեզ՝ ժառանգորդիներիս, թող լույս-ճշմարտություն բերի, իմաստնություն ու կամք, հատուցում եւ ողնաշարի ուղղում։
Քանի չարաբաստիկ զույգը կա, չեն լինելու խաղաղություն, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, կենսական ազգային շահ: Չեն լինելու սահմանադրական իրավունք ու տարրական արժանապատվություն, ՄԱԿ-ում ծածանվող պետական դրոշին վայել տեղ ու դեր՝ այս տարածագոտում եւ աշխարհում։
Լինելու են լոկ կրկնվող շարաններ զինվորական եւ քաղաքացիական տեւական սպանությունների, հայրենի հողի զիջումների ու կորուստների՝ դավադիր գործարքների կամ պարտադրված նախահարձակումների, հայ մարդու ստորացման եւ հանրության ամլացման: Լինելու են, վերջին հաշվով, Հայաստանի պետական կործանում եւ Արցախի ոչնչացում, իսկ լավագույն դիպաշարում՝ նրանց վերածում անկամ ու ենթակա, հաշմված ու խեղված, ոչ մեկին չվերաբերելի միավորների։
Իրենց Մուհամեդ եւ Քրիստոս երեւակայողները կամ առնվազն Նապոլեոն ու Մանդելա, միգուցեեւ Ռաբին ու Սադաթ, կարող են հոգեկանի աշխարհում խաղաղության հեղինակավոր մրցանակներ ըղձալ, բայց իրենց չարիքի եւ հանցագործությունների համար Իլհամի ու Նիկոլի բուն անխուսափելի տեղը խստագույնս արդարադատության ատյանի առջեւ է՝ մեկը՝ միջազգային, մյուսն՝ ազգային։ Մեր հայրենիքի, պետականության, ազգի ու ժողովրդի, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, Արարատի ու Արագածի, մեր ողջ պատմության եւ ապագայի ցանկացած հնարավորության ճակատագիրը հենց այսօր դրված է զոհասեղանին։
Բացառիկ պայմանակարգով պիտի հետաձգենք անհատական եւ հատվածական, մեծ ու փոքր, հին ու նոր շարժումների, հոսանքների կամ կուսակցությունների գերակայությունը եւ փոխարենը ազգովի, հասարակավ, քաղաքացիական հզոր ալիքով, ապա եւ պետականորեն գնանք մեծ համախմբման, մեկ անգամ եւ վերջնականապես լուծենք սերունդների ու հայկական քաղաքակրթության բազմադարյա պատմագրության թնջուկը՝ Հայոց մեծ հարցը։
Մեր օրերին կամ երբեք։ Մենք կամ ոչ մեկ»։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Հայաստանում մասնագիտական իրավունքները պաշտպանված չեն: Քննարկում ենք վերջին ժանակահատվածում Հայաստանում փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի աճը:
Սա վկայում է, որ Հայաստանում դեռեւս մտահոգիչ է անձի ազատության, իրավաբանական օգնություն ստանալու եւ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրականացումը։
Տեղի ունցածը արտառոց է ոչ միայն այն իմաստով, որ հանցավոր արարքը կատարում է իրավապահ գործառույթ իրականացնող անձը, այլ նաեւ այն, որ այդպիսի վարքագիծն ուղղված է նաեւ իրավապաշտպան գործառույթ իրականացնող անձի նկատմամբ՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս՝ փաստաբանին նույնականցնելով իր վստահորդի հետ։
Այդպիսի վարքագիծը բացահայտ ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները եւ խայտառակ հետընթաց արձանագրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից»։
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐՈՎ
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկատվություն է հրապարակել՝ ի պատասխան ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության ժամկետի մասին հարցումների։ «ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո: 2023թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Որպես հաջորդ քայլ՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջեւ համապատասխան ամսաթվի հաստատում: Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ԱԳՆ կողմից՝ տեղադրվելով պաշտոնական հարթակներում»,- նշված է հաղորդագրությունում: