«ՍՈՒՐՄԱԼՈՒ»-Ի ՊԱՅԹՅՈՒՆՆ ՈՒ 71-ԱՄՅԱ ՊԱՊԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի օգոստոսի 7-ին՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունից 1 շաբաթ առաջ, Արտավազդ Հայրապետյանը հարազատների հետ տոնել է 71-ամյակը: Հարազատները մեծ քեֆ էին կազմակերպել, սակայն ուրախությունը կարճ տեւեց. օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունից ժամեր անց, 71-ամյա Արտավազդ Հայրապետյանին հարազատները գտան այրված: Արկադի Հայրապետյանն իր հայրիկի՝ Արտավազդ Հայրապետյանի հետ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում փոքրիկ տնտեսական խանութ ուներ, ու հայրն էր առեւտրի կենտրոնում վաճառքով զբաղվում:

 

Մահացած Արտավազդ Հայրապետյանի որդի Արկադի Հայրապետյանի խոսքով՝ Ազգային անվտանգությա ծառայություն իրեն չեն հրավիրել հարցաքննության, ինքն անձամբ վեր է կացել ու գնացել նախաքննական մարմին` ասելով, որ եկել է ու կարեւոր բան ունի հայտնելու. «Գնացել եմ անձամբ ԱԱԾ ու ասել եմ՝ ինչ գիտեմ, ձեզ կհայտնեմ: Հիմա ձեզ չեմ կարող մանրամասներ ներկայացնել, ԱԱԾ քննիչն ինձ ասել է՝ ամեն ինչ կքննեն: Ես կարծում եմ, որ գործը կոծկում են, շահագրգիռ մարդիկ կան»:

Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցավ հրդեհ, եւ այս դեպքից մեկ տարի անց՝ 2022 թվականի օգոստոսի 14-ին, նույն առեւտրի կենտրոնում տեղի ունեցավ պայթուն: Այս երկու քրեական գործերը միացվել են իրար, ու նախաքննական մարմինը հայտնեց, որ 2023թ. փետրվարի 22-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը կալանավորվել է։

Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը եւ 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Այս պահին, սակայն, արգելանքի տակ է գտնվում մեկ անձ. «խոշոր ձկները» մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախաքննական մարմինը հարցաքննել էր Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն նրա պատասխանատվության հարցը իրավապահներն այդպես էլ մեկ տարի անց չկարողացան առաջ քաշել։

Ողբերգական պայթյունը խլեց 17 հոգու կյանք, որոնցից մեկին փրկարարները այդպես էլ չգտան, ու հարազատները պայթյունի վայրից իրենց հարազատի ենթադրյալ մոխիրը հուղարկավորեցին։ Իսկ, ահա, գործն էլ մոտ մեկ ամիս առաջ իրավապահները որոշել են ՀՀ քննչական կոմիտեի ձեռքից վերցնել եւ ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն. արդյոք ԱԱԾ-ն պատասխանատվության կկանչի՞ խոշոր ձկներին: «Ժողովուրդ» օրաթերթը հետեւում է քննության ընթացքին:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ՝ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ՝ հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ:

Ուսումնասիրության նախնական արդյունքներով՝ ապօրինի են դիտվել եւ ենթակա են բռնագանձման՝

գ 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում,

գ 2 տրանսպորտային միջոց,

գ մասնակցություն՝ հայաստանյան եւ արտասահմանյան 18 իրավաբանական անձերում,

գ ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ եւ արժեթղթեր,

գ շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ,

գ շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների եւ այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:

 

 

 

ԱԶԱՏՈՒՄ՝ ՊԱՇՏՈՆԻՑ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի հունիսի 7-ին Արմավիրի եւ Կոտայքի մարզերի դատախազություններում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ դատախազները դրսեւորել են դատախազի հեղինակությունը, բարի համբավը, պատիվը եւ արժանապատվությունը արատավորող, դատախազի բարձր հեղինակությանը ոչ հարիր վարքագիծ:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հուլիսի 10-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ՝ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը, դրանցում Արմավիրի եւ Կոտայքի մարզերի դատախազությունների երկու դատախազի մեղավորությունը եւ դրական եզրակացություն է տվել վերջիններիս նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:

Գլխավոր դատախազի 2023 թվականի հուլիսի 14-ի հրամաններով՝ Կոտայքի եւ Արմավիրի դատախազության երկու դատախազներն ազատվել են պաշտոնից:

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՑ

ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության եւ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում քննարկվել է ԱՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդումը, որով պարզվել է, որ ԱՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ՝ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 /յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա..Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը՝ անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի որդու մեղադրանքին:

Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով /Վարկը ոչ նպատակային օգտագործելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներ, 12.07.2023թ. հարուցվել է քրեական գործ:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը եւ դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության եւ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին  Արցախում ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին, նրա որդուն եւ քեռորդուն: Ըստ տեղեկությունների` գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տանը։ Մինչ այդ 40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։

Նշենք նաեւ, որ 2023թ.-ի փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Արցախում քրեական գործ է հարուցվել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։ Քրեական գործն առնչվում է Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։

 




Լրահոս