Ինչ ունեցվածք ունի նախագահի խորհրդական դարձած դեսպանի դուստրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Տաթեւիկ Կարապետյանն իր անունով որեւէ շարժական կամ անշարժ գույք չունի: Ամեն դեպքում, այս մասին է վկայում նրա ներկայացրած հայտարարագիրը: Նախ՝ նշենք, որ Տաթեւիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:

Վերջինս եւ Վահագն Խաչատուրյանը բավական մտերիմ են եղել դեռ ՀԱԿ անդամ լինելու տարիներից, եւ, թերեւս, այդ հանգամանքից ելնելով էլ՝ նշանակվել է նախագահի խորհրդական:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նրա հայտարարագիրը: Վերջինս 2022 թվականի վերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 10 հազար դոլար եւ 5 մլն դրամից ավելի գումար, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4.5 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում Կարապետյանը վաստակել է 8 մլն 301 հազար դրամ, որից 7 մլն դրամից ավելին աշխատավարձ է, որը նա ստացել է նախագահի աշխատակազմից, իսկ մյուս մասն էլ կրկին աշխատավարձ է՝ «Նոր լրատվական»-ից եւ «Զավեն Հակոբյան»-ից:

Տաթեւիկը նաեւ վարկ ունի, որը տարեվերջին կազմել է 500 հազար դրամ։ Այլ տվյալներ նրա հայտարարագրում առկա չեն:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականին գրել էր, թե ինչ սկանդալի պատճատով Փաշինյանն ազատեց Կարապետյանին աշխատանքից: Բանն այն է, որ նույն թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի ուղերձը կարդացել էր սուֆլյորից՝ նույն նախադասությունը կրկնելով երկու անգամ, ինչն էլ դարձել էր ներիշխանական մեծ «ռազբորկաների» առիթ, եւ հենց այս պատճառով էլ աշխատանքից հեռացվել էր վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս