ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մ.Մ.-ն, 2008 թվականից մինչեւ 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչեւ 2018 թվականը հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչեւ 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի եւ Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

 

Հսկող դատախազը, 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ, Մ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)): Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի 435-Ն որոշմամբ՝ Էներգետիկայի նախարարության «Հայէներգանորոգում» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված «Ձորա ՀԷԿ» տեղամասի՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի ներդրմամբ ստեղծվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերությունը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Պաշտպանության նախարարությանը:

2010 թվականի դեկտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարության կողմից մշակվել է վերոնշյալ գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին կառավարության գաղտնի որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվել է թույլատրել Պաշտպանության նախարարությանը հավանություն տալ խոշոր գործարքի կնքմանը, այն է՝ 3 մլրդ 600 մլն դրամով գույքն օտարել փաստացի Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է Մ.Մ.-ին փոխկապակցված անձանց՝ Ա.Պ.-ի եւ Լ.Ա.-ի կողմից Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առեւտրային ընկերության եւ «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին:

2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետեւ Կառավարությունը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով 2011 թվականին համապատասխան որոշմամբ, փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն, առավելագույն հզորություն է սահմանել մինչեւ 30 Մվտ հզորությունը: Արդյունքում խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում: Կառավարության որոշման հիման վրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխել է էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան եւ 2012-2016 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված եւ առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանել կրկնակին գերազանցող սակագներ: Արդյունքում «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ:

Մ.Մ.-ն քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին:

Վերը նշված ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված գումարներից առանձնապես խոշոր չափերով՝ 333 մլն 861 հազար 167 դրամ գումարն օրինականացնելու միասնական դիտավորությամբ, փաստացի ստացված գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, դրանց իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Միքայել Մինասյանը վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այն է՝ տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

 

 

 

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է, ՀԱՅՀՈՅԱՆՔ ՀՆՉԵՑՐԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Ալբերտյանին մեղադրանք է առաջադրվել:

 

Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Լոռու մարզի Արծնի գյուղի հարակից դաշտում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի՝ գործարանային արտադրության դանակի գործադրմամբ բռնություն է գործադրել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Բորիսի Ջանոյանի եւ նույն բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արտյոմ Աշոտի Այվազյանի նկատմամբ։

Հիշյալ ծառայողները Լոռու մարզի Արծնի գյուղին հարակից դաշտում հանդիպել են Արման Ալբերտյանին եւ նրան տեղեկացրել վարժական հավաքներին մասնակցելու նպատակով ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Տաշիրի բաժանմունք ներկայանալու անհրաժեշտության մասին: Արման Ալբերտյանը հրաժարվել է ներկայանալ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Տաշիրի բաժանմունք:

Նույն պահին՝ ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հայկ Ջանոյանի՝ անցկացվող վարժական հավաքին մասնակցելուց հրաժարվելու մասին արձանագրություն կազմելու առաջարկից հետո, Արման Ալբերտյանը, բաճկոնի գրպանից հանելով գործարանային արտադրության աղանդերային դանակը եւ այն ուղղելով ոստիկանության ծառայող Արտյոմ Այվազյանի ուղղությամբ, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին եւ հիշյալ պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով սպառնացել մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի՝ դանակի գործադրմամբ բռնություն գործադրել նրանց նկատմամբ՝ սպանել նրանց, այնուհետեւ կանչով դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների օգնությամբ Արման Ալբերտյանը ձերբակալվել է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ՝ ԱՅԳՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սարգիս Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2022 թվականի հունիսի 5-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ընկերների հետ գտնվելով Երեւան քաղաքի Անգլիական այգում, բարձրաձայն խոսել են, հնչեցրել հայհոյանքներ։ Այս կապակցությամբ այգում գտնվող Անահիտ Միքայելյանը զրույցի ընթացքում ընկերուհուն՝ Լյուդմիլա Օհանյանին, հայտնել է իր դժգոհությունը՝ նշելով՝ «էս սերունդը սերունդ չի» արտահայտությունը, ինչին  անմիջապես միջամտել է Սարգիս Հարությունյանը եւ ճշտել,  թե կանայք արդյոք իր մասին էին արտահայտվում։ Չնայած Անահիտ Միքայելյանը հայտնել է, որ խոսքն այդ անձնավորությանը չի վերաբերում,  միեւնույնն է, Սարգիս Հարությունյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական դրդումներով, չնչին առիթով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով, մոտեցել է Անահիտ Միքայելյանին ու հասարակական վայրում՝ այգում, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, տեւական ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին, ոտքով հարվածներ հասցրել նրա որովայնին, ապա ձեռքով 3-4 անգամ հարվածել է այտին։

Այնուհետեւ Սարգիս Հարությունյանը, Անահիտ Միքայելյանի բջջային հեռախոսով վերջինիս ընկերոջ հետ խոսելուց եւ հեռախոսը վերադարձնելուց հետո բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով եւ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, շարունակել է իր հակաբարոյական վարքագիծը.  այս անգամ արդեն ձեռքին գտնվող 5-6 սմ երկարությամբ դանակով կատարել է խուլիգանություն։ Նա դանակը պահել է Անահիտ Միքայելյանի դեմքի ուղղությամբ, որից հետո Անահիտ Միքայելյանի կողմից հարված ստանալուց հետո դանակով հարվածել է Անահիտ Միքայելյանի որովայնի աջ հատվածին ու դիմել փախուստի՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս