ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նախագծով նախարարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքից եւ հարակից այլ օրենքներից հանել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչումները եւ Հայաստանի Հանրապետությունում սահմանել միայն Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:
Ավելին՝ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ, դրական հետեւանքներ ունենալու փոխարեն, բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների եւ առանձին մասնագիտությունների եւ կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձեւավորման վրա: Նշվում է, որ, վերոգրյալի հիման վրա, առկա է անհրաժեշտություն՝ չեղարկելու օրենքով ներկայումս նախատեսված պատվավոր կոչումները եւ նախատեսելու մեկ միասնական պատվավոր կոչում։
Այսինքն՝ պատվավոր մասնագետներին գնահատելը Նիկոլ Փաշինյանի օրոք դարձել է անընդունելի։
Հայկ Մարությանն ունի 4 զավակ՝ 2 տղա եւ 2 աղջիկ։ Նրա զավակները Չեխիայի քաղաքացիներ են. «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին գրել է: Օրեր առաջ Մարությանը ոչ միայն հաստատեց այս փաստը, այլեւ հայտարարեց, որ եթե իր որդիները մեծանան եւ ցանկանան ծառայել հայկական բանակում, ապա կծառայեն։ Մի քաղաքական ուժի ղեկավար, որը նույնիսկ քաղաքական ծրագիր չունի, խոսում է հայրենասիրության եւ հայրենիքի պաշտպանության կարեւորության մասին, իր որդիներին դարձրել է Չեխիայի քաղաքացիներ, որպեսզի խուսափեն ծառայությունից։ Ստացվում է, որ հայրենասիրություն եւ մարդասիրություն քարոզող անձն իր երեխաների մեջ սնել է այլ հայրենիք եւ սերմանել է սեր այլ հայրենիքների նկատմամբ։ Իրականում հայրենասիրություն բառը այդպիսի գործիչները դարձնում են այցեքարտ՝ բացելով ժողովրդի սրտի դռները, սակայն իշխանության գալով՝ դառնագին շրըխկացնում են դռները թե՛ հայրենիքի առաջ եւ թե՛ խղճի առաջ: Հազարավոր ծնողներ մնացին անզավակ 2020թ.-ից հետո, եւ որեւէ մեկը նրանցից չէր հետաքրքրվել՝ ուզում են ծառայել հայկական բանակում, թե ոչ: Ծառայությունը մեր երկրում պարտադիր է, եւ բոլորը հավասար են օրենքի առաջ: Հայկ Մարությանը թերեւս հենց ծառայությունից խուսափելու համար է իր որդիներին Չեխիայի քաղաքացիներ դարձրել: Բայց մի՞թե հայրենիքը չի սկսվում այն սահմանից, որն արյունոտ է, մի՞թե հայրենիքի համար պարտք տալը ըստ ցանկության է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանն առաջիկայում գործուղվելու է դիվանագիտական կորպուս. նա դեսպան կնշանակվի: Հավելենք, որ, չնայած երիտասարդ տարիքին, Համբարձում Մաթեւոսյանը տարբեր բարձր պաշտոններ հասցրեց զբաղեցնել: Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ին, նա նշանակվել էր Արմավիրի մարզպետ, այնուհետեւ գործուղվել էր կառավարություն: 2021թ.-ին նա նշանակվել էր փոխվարչապետ, իսկ 2023թ.-ի փետրվարի 16-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին որոշել է հիմա էլ ավելի լավ պաշտոնի տեղավորել ու նրան դեսպան կնշանակի, սակայն դեռ որոշված չէ, թե որ երկրում: Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, դեսպան նշանակվելը Համբարձում Մաթեւոսյանի ցանկությունն է. հավանաբար վերջինս հոգնել է գործադիրում իր աշխատանքից ու որոշել է արտերկրում աշխատանքի անցնել: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ Համբարձում Մաթեւոսյանի հետ։ Նրա փոխարեն պատասխանեց օգնականը եւ ասաց, որ նման բան չկա, առաջին անգամ մեզանից է լսում: Հիշեցնենք՝ երբ Մաթեւոսյանը փոխվարչապետի պաշտոնին հրաժեշտ տվեց, դրանից առաջ էլ մեզ տված հարցազրույցում հերքում էր իր հնարավոր հրաժարականը: Չնայած հերքումներին՝ նկատենք, որ արդեն երեկվանից սկսվել են փոփոխությունները դիվանագիտական կորպուսում, եւ մի շարք դեսպաններ հետ են կանչվել իրենց պաշտոններից: Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի, Ալեքսանդր Արզումանյանը` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում եւ Իսլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
Արդեն «խաղատան կարգավիճակ» ստացած Wildberries-ը ինչպես աջակցում է հայաստանյան շուկայի բազմազանությանը, այնպես էլ վնասում է Հայաստանի տնտեսությանը։ Վերջին մի քանի ամիսներին Wildberries-ում ժամանակ անցկացնելը դարձել է հայաստանաբնակների օրվա մի մասը։ Ամեն րոպե ինչ-ինչ փնտրտուքների մեջ են մարդիկ. ինչ անհրաժեշտ է լինում, առանց տեղի շուկան ուսումնասիրելու, միանգամից ապրանքը որոնում են Wildberries օնլայն խանութում, գտնում համեմատաբար մատչելի տարբերակներ եւ գնում: Սրա պատճառն այն է, որ օգտատերերը գտել են ավելի հեշտ, հնարամիտ եւ էժան տարբերակ ապրանքները ռուսական շուկայից ավելի մատչելի տարբերակով պատվիրելու համար։ Սրա մասին մենք նախկինում գրել էինք։ Հենց այս պատճառով էլ Wildberries-ը շատ արագ դարձավ Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկը, իսկ մի օգտատիրոջ հաշվով վերջին 6 ամսվա ընթացքում կատարվել է 3 մլն գնում։ Ինչքան էլ Wildberries-ը ավելացնում է Հայաստանի պետական բյուջեի գումարները, այնքան էլ սառեցնում է հայկական ապրանքաշրջանառությունը, եւ տուժում են տնտեսվարողները։ Այդ պատճառով էլ երեկ կառավարության առաջ բողոքի ակցիա անցկացրած տնտեսվարողները պահանջել են Պետական եկամուտների կոմիտեից արգելել ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ի պատասխան այս բողոքի՝ ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին, որպեսզի վերահսկողություն սահմանեն եւ արգելափակեն «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։ Wildberries-ը, սակայն, պատասխան դեռ չի տվել։ Այսինքն՝ հավանականությունը, որ Հայաստանում կարգելվի ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելը, շատ մեծ է։ Եւ տուժում է դարձյալ ՀՀ բնակիչը՝ զրկվելով համեմատաբար էժան շուկայից գնումների հնարավորությունից։