Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Նրա շնորհավորանքը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի կանայք,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Մեր ժողովրդի դարավոր պատմության վճռորոշ բոլոր պահերին դուք ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել մեր բոլոր հաղթանակների ու մեր պետության կայացման գործում։ Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով շարունակում եք ձեր ավանդը բերել մեր երկիրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացմանը:
Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարությունները դիմակայելու անբացատրելի կարողությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք, սիրելի կանայք, ամբողջացնում եք հայ կնոջ կերպարը, ինչի համար արժանի եք ամենաբարձր գնահատանքի:
Ու քանի որ ձեր տոնը համընկնում է բնության զարթոնքի հետ, մաղթում եմ, որ ձեր կյանքի յուրաքանչյուր օրը առլեցուն լինի գարնան բույրով, արևով, ուրախ ու բարձր տրամադրությամբ:
Քաջառողջություն, անսահման երջանկություն ու հաջողություններ ձեզ, սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր ու աղջիկներ»:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Երևանի քաղաքապետ