ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՆԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ի եւ ամեիկահայ երիտասարդների նախաձեռնությամբ՝ Գորիսում արցախցիների համար տներ են կառուցում:

 

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:

«Համայնքի ղեկավարի հանձնարարականով՝ քարտեզագրվել են համայնքային ենթակայության շինությունները, անբնակ տները, որոնք այս պահին լքված են, բայց ենթակա են վերակառուցման: Համագործակցելով ամերիկահայ երիտասարդ բարեկամների հետ՝ փորձում ենք այդ տները վերակառուցել եւ տրամադրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այս պահին 2 տան շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտը նախատեսված է մինչեւ գարուն:

Թիրախային ընտրել ենք բազմազավակ եւ առավել խոցելի պայմաններում գտնվող ընտանիքներին»,- մանրամասնում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:

Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքներն իրականացվում են Գորիս համայնքի կողմից, իսկ ներսի բարեկարգման աշխատանքների ծախսերը հոգում են ամերիկահայ բարերարները:

Շինարարական աշխատանքներին այս պահին անմիջական մասնակցում են նաեւ երիտասարդ բարերարներից Գարեն Բաբեխանին եւ Զարեհ Թումանյանը:

«Այլ մարդկանց հետ քննարկումներ ենք կատարում նաեւ երեք տան շուրջ: Նախատեսված է եւս 2 շենք վերակառուցել, որը հնարավորություն կտա տեղավորելու շուրջ 50 ընտանիքի, եւ քանի որ Գորիս համայնքն ունի փորձ սոցիալական շենքեր կառուցելու, մտածում ենք նաեւ հետագայում կառուցել սոցիալական շենքեր՝ բռնի տեղահանված արցախցիների համար»,- նշում է Յոլյանը:

Համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով՝ գորիսեցիների ջանքերով Բարձրավանում երկու բազմազավակ ընտանիքի անվճար բնակարան է հատկացվել: Վերջիններիս տրամադրվել են հողատարածք եւ ջերմոցներ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:

«2023թ. սեպտեմբերյան վերջին իրադարձություններից հետո Գորիսում հաստատվել է շուրջ 2000 բռնի տեղահանված արցախցի: Շատերը բնակվում են վարձով, մի մասը՝ բարեկամի տանը, իսկ մի մասն էլ՝ հյուրանոցներում, որոնք փորձում են գտնել վարձով բնակարաններ, քանի որ հյուրանոցների միջոցները եւս սպառվում են»,- ասել է Իրինա Յոլյանը:

 

 

ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՑ

Սեւ ուրբաթը տեղի է ունենում ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի ուրբաթ օրը։ Դրանից սկսվում է ավանդական Ամանորի զեղչերի տոնավաճառը։ Սեւ ուրբաթ կազմակերպելու ավանդույթը հաստատվել է դեռեւս 19-րդ դարում, իսկ տերմինը՝ «Սեւ ուրբաթ», հայտնվել է 1966 թվականին եւ օգտագործվում էր հիմնականում ԱՄՆ-ի արեւելյան մասում։

 

 

Ըստ ավանդույթի՝ Սեւ ուրբաթին հաջորդող իրադարձությունը Կիբեռ երկուշաբթին է, որի ընթացքում IT-ընկերությունների մեծ մասը զեղչեր են առաջարկում, իսկ վերջերս զեղչերը սկսել են տարածվել նաեւ այլ ոլորտների վրա: Հայաստանում նախորդ տարի սահմանված պահանջները խախտելու համար Սեւ ուրբաթի եւ Ամանորի զեղչերի ժամանակ Տնտեսական  մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  վարույթ է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ, որոնք տուգանվել են 100 մլն դրամի չափով:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը օրեր առաջ հայտնել էր. «Օրենսդրորեն հստակ պահանջ կոնկրետ առեւտրի օբեկտում հայտարարված առավելագույն զեղչի չափով ակցիայի մեկնարկին պետք է լինի մեկ հինգերորդի չափով այդ հայտարարությանը համապատասխան զեղչ»,-ասաց Մարկոսյանը:  Նա հավելել էր նաեւ, որ փորձով է ապացուցված, որ մենք ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտում ունենք բազում խնդիրներ, մասնավորապես՝ երբ որեւէ գնային փոփոխություն տեղի չէր ունենում զեղչի ժամանակ, շատ դեպքերում արհեստականորեն գինը բարձրացնում էին եւ այլն։ Այս խնդիրները հավաքագրվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:

Արդյունքում որոշել են խնդիրները լուծել՝ օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախաձեռնելով: Հանձնաժողովի մշակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 31-ից: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով խոսել է մանր եւ  միջին բիզնեսի իրավապաշտպան Սամսոն Գրիգորյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ համամիտ է այն որոշման հետ, որը կայացրել է ՏՄՊՊՀ-ն, եւ հավելեց, որ Սեւ ուրբաթն Հայաստանում «քնած փողերը» արթնացնում է։

Հիշեցնենք նաեւ, որ այս տարի Սեւ ուրբաթ Հայաստանում կանցկացվի նոյեմբերի 24-ին։

 

 

ԽԱԽՏԵԼ Է  ԺԱՄԿԵՏԸ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, հոկտեմբերի 25-ին  հանդիպելով մարզում պետբյուջեի միջոցներով, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ, նրանց   հորդորել է հնարավորինս պահպանել պայմանագրերի ժամկետները, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել շինաշխատանքների որակը։ Մարզպետին «Ժողովուրդ» օրաթերթը հարցրել է, թե մարզում  պետբյուջեի միջոցներով, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող որ պայմանագրերի ժամկետներն են խախտվել, որ կազմակերպություններն են իրականացնում այդ ծրագրերը, ծրագրի ավարտի ժամկետը խախտելու համար օրենքով ինչ պատասխանատվություն է սահմանված։

Մարզպետը պատասխանել է. «ՀՀ Տավուշի մարզում պետբյուջեի միջոցներով, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների կողմից խախտվել է Բագրատաշենի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների կատարման ժամկետը  «Պողոսյանշին» ՍՊԸ կողմից, սակայն դիտողությունից հետո  շինարարը արդեն իսկ վերացրել է բացթողումները: Տույժ պատվիրատու հանդիսացող Նոյեմբերյան համայնքի կողմից չի կիրառվել»:

 

 

 

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ  ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Բերդ համայնքի սննդի օբյեկտների աշխատողնեերը «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են, որ  իրենք ստիպված են 6 ամիսը մեկ թարմացնել  իրենց սանիտարական գրքույկները, դրա համար  նրանք  հարկադրված են  սահմանագոտիով  մոտ 70 կմ ճանապարհ անցնել եւ Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում  լաբորատոր ուսումնասիրության համար նմուշներ ներկայացնել։  Սննդի օբյեկտների աշխատողներն ասացին, որ  նախկինում  իրենց նման պահանջ չէր ներկայացվում. շուրջ մեկ տարի է, որ իրենք ստիպված  են  ժամանակ եւ գումարներ ծախսելով  Տավուշի մարզկենտրոն մեկնել։ Տարիներ առաջ մարզի Նոյեմբերյանի, Բերդի եւ Դիլիջանի  տարածաշրջանների «սանէպիդկայանները»  կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեցին, դրանց գործառույթները եւ աշխատակիցների թիվը կրճատվեցին,  այդ աշխատանքային գործառույթների մեծ մասը փոխանցվեց Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային տարածքային կենտրոնին։  Վերջին ժամանակաշրջանում սննդի անվտանգության  պետական տեսչությունը հետամուտ է օրենքի կիրարկմանը,  որպեսզի Տավուշի  մարզի տարածաշրջանների սննդի օբյեկտների աշխատողները Իջեւանի առողջության  առաջնային պահպանման կենտրոնում բակտերոլոգիական հետազոտության համար նմուշներ  հանձնեն։  Դա արվում է այն նպատակով, որ սննդի օբյեկտների աշխատողների մեջ  ինֆեկցիոն հիվանդները բացառվեն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս