«Հարութն ու Յուրին մանկության ընկերներ էին։ Երկուսն էլ գյուղացիների աչքի լույսն էին, բոլորի սիրելի տղաները։ Երկուսն էլ անուղղելի լավատես, անսահման հոգատար ու սրտացավ էությամբ, անչափելի բարությամբ օժտված հոգիներ»,- ArmLur.am-ի հետ զրույցում Հարութին և Յուրիին այսպես է բնութագրում մանկության ընկեր, հարևանուհի Ռուզաննա Խաչատրյանը:
«Եթե հարցնեք՝ ո՞վ է աշխարհի ամենաարցախասեր Մարդը, առանց մեկ վայրկյան վարանելու՝ կպատասխանեմ՝ տումեցի Յուրին։ Նա իր մարմնի բոլոր բջիջներով էր կարոտում հայրենիքը: Յուրիի ընտանիքում բոլորն են Արցախապաշտ։ Եւ այդ էր պատճառը, որ հետպատերազմական անորոշության մշուշում ընտանիքն այնուամենայնիվ որոշեց վերադառնալ Արցախ»,- ասում է Ռուզաննան։
Հարութն ու Յուրին ծնվել ու մեծացել էին Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում: Հարութը մասնակցել է քառօրյա, 44-օրյա և այս վերջին պատերազմին, իսկ Յուրին ժամկետային զինծառայող է եղել 2023թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ:
«Սեպտեմբերի 19-ի չարաբաստիկ օրը Յուրին, ընկերոջն օգնության շտապելով, հերոսաբար զոհվում է մարտական դիրքում։ Ասել՝ ծանր օրեր էին, կնշանակի ուղղակի բառեր արտաբերել։ Դժոխային օրեր տեսանք։ Համագյուղացիներից շատերս ինչ-որ տեղերից լսել էինք Յուրիի մահվան լուրը։ Հիշում եմ` Յուրին վստահորեն պնդում էր, որ մի օր վերադառնալու ենք մեր Տումի։ Շրջափակման ծանր օրերին անգամ չէր պակասել նրա հավատը։ Ծառայության էր անցել ՊԲ շարքերում։ Ինչպես ամենուր՝ բանակում եւս շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է ընկերանալ բոլորի հետ։ Այնքան հեշտ էր ամեն բան, երբ Նա մեր կողքին էր։ Կարծում եմ` հայրենազրկման այս անողոք ցավն այսքան ծանր չէր լինի, եթե Յուրիին չկորցնեինք։ Այսօր բոլորս նրա հավատավոր խոսքի, ժպիտի, նրա լուսավոր մտքերի կարիքն ունենք»,- ասում է մեր զրուցակիցը:
Ռուզաննան պատմում է, որ այդ օրերին հաճախ էին տումեցիներով հավաքվում՝ համագյուղացիներից լուր իմանալու համար:
«Գիտեինք, որ Յուրին չկար… ու չէինք խոսում Նրա մասին։ Հետո մեզնից մեկը համարձակվեց ասել ճշմարտությունը։ Գիտեինք, բայց հավանաբար ներքին մի թաքուն հավատ ունեինք, որ ուր որ է՝ Նա կհայտնվի իր ժպիտով։ Այստեղ՝ Երեւանում, ամեն օր առատ արցունքների մեջ էինք խոսում Յուրիի մասին, իսկ Ստեփանակերտում Նրա հայրը հուսահատ՝ մի հիվանդանոցից մյուսն էր վազում՝ որդուն գոնե վիրավորների մեջ գտնելու հույսով։ Ոչ ոք չէր համարձակվի որդուն պաշտող հորն ասել այդ դառը ճշմարտությունը»,- հիշում է Ռուզաննան։
Մեր զրուցակիցը նշում է, որ որքանով նման էին ընկերների ճակատագրերը, նույնքանով էլ տարբեր էին, սակայն բնավորությամբ նույն մարդ տեսակն էին:
«Հարութը մարդկության ամենամարդասեր տեսակն էր։ Օրվա ցանկացած ժամի պատրաստ էր օգնության հասնել կարիքավորին, դրացուն, բարեկամին, անծանոթին։ Արագաքայլ էր, բռնկուն, ակնթարթի մեջ կոգեւորվեր, մի ակնթարթում կհուսահատվեր։ Մարդային ամենաչար գործերի մեջ բարություն էր փնտրում, հաշտ էր ապրում ամենքի հետ, երբեք չէր հակաճառում, չէր վիրավորում դիմացինին։ Երբեմն փոթորկուն էր, երբեմն խաղաղ ու անվրդով, ասես այս աշխարհից չլիներ։ Իր մանկության ընկերոջ մահվան լուրն իմանալուց հետո տակավին թեւաթափ էր եղել… մայրն ասում է՝ չէր խոսում, չէր կիսվում որևէ մեկի հետ, միայն արտասվում էր, միայն Յուրիի անունն էր կանչում անդադար։ Նրանք աներեւույթ, ինչ-որ առասպելական կապերով էին կապված իրար»,- ասում է Ռուզաննա Խաչատրյանը։
Յուրիի ընկերը՝ Հարութը, ընկերոջ համար վառելիք վերցնելու համար սեպտեմբերի 25-ին շատերի պես ևս գնացել էր Հայկազովի զորամասի պահեստ, որտեղ էլ պայթյունի ժամանակ ստանում է ծանր այրվածքներ և տեղափոխվում Երևան:
«Մայրն ամեն օր այցելում էր նրան, խնամում, փայփայում։ Պատմում է, թե որքան երազանքներ ուներ, որ մտադիր էր իրագործել հիվանդանոցից դուրս գրվելուց հետո… բայց մի օր լքում են ուժերը, կամ էլ հաղթում է ընկերական հավատարմությունը: Երիցս ծանր եղավ բոլորիս համար Հարութի դժբախտ վախճանը։ Հիմա անլցելի մի դատարկություն է գոյացել ամենքիս հոգում. տղաների կարոտը հնարավոր չէ սփոփել որևէ երկրային երջանկությամբ։ Նրանց բացակայությամբ մենք աշխարհի ամենադժբախտ ժողովուրդը դարձանք։ Մահվանից ընդամենը օրեր անց միայն լրացավ Հարութի 30-ամյակը, իսկ Յուրին հավերժ մնաց 19 տարեկան»,- ասում է մեր զրուցակիցը։
Նանիկ Աղասյան