ArmLur.am-ը, ավարտելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղափոխությունից առաջ և հետո ձեռք բերած բնակարանների ցանկը, անցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անշարժ գույքի ձեռքբերումներին։
ArmLur.am-ը շարքով ներկայացնում է, թե հեղափոխությունից հետո և առաջ ինչ անշարժ գույքեր են ձեռք բերել ՔՊ-ականները։
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը 2018 թվականից առաջ 1994 թվականին հողամաս է ձեռք բերել Արարատի Սուրենավան համայնքում։ Մինչ այդ նա իր հայտարարագրում բնակարանի կամ տան մասին որևէ նշում չի արել։ Այնինչ 2021 թվականին Աղազարյանը ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը 2023 թվականի հայտարարագրի համաձայն 22 մլն 375 հազար դրամ է։
Հավելենք նաև, որ ԱԺ բյուջեից ստանում է տան վարձավճարի փոխհատուցում 100 հազար դրամ:
ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը 2019 թվականին Արարատի մարզի Վեդի համայնքում բնակարան է ձեռք բերել, մայրը՝ Նոր կյանք համայնքում 2019 թվականից։ Բաքոյանը ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:
ՔՊ-ական Արսեն Թորոսյանը 2011 թվականին՝ մինչ հեղափոխությունը, անհատական բնակելի տուն է ձեռք բերել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Հեղափոխությունից 2020 և 2021 թվականներին հողամասեր է գնել ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերի համայնքներում։
ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը մինչ հեղափոխությունը անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ 2022 թվականին գնել է բնակարան բազմաբնակարան շենքում, որը գտնվում է Երեւանում։ Ղազարյանը ունի բնակարան, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում:
Հաջորդ ՔՊ-ականը՝ Էմմա Պալյանը, մինչ հեղափոխությունը անշարժ գույք չուներ, իսկ 2022 թվականին ձեռք է բերել բնակարան Երեւանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում:
ArmLur.am-ը հաջորդիվ կներկայացնի մյուս պատգամավորների ձեռք բերած անշարժ գույքը հեղափոխությունից առաջ և հետո։
Մանրամասները՝ տեսանյութում: