Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանին, այնուհետև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք և եկամուտներ ունեն նորանշանակ պետերը։
Այսպիսով՝ Արմավիր ՔԿՀ պետ Արսեն Արզումանյան․
Արզումանյանը համեստ ունեցվածք ունեցող ՔԿՀ նորանշանակ պետ է, ով տուն չունի, մեքենա չունի, սակայն սա առաջին հայացքից։ Արզումանյանի կինը՝ Վարդուշ Աբրահամյանը, միանձնյա սեփականությամբ 2014 թվականին գնել է բնակարան Կոտայքի մարզի Աբովյան համայնքում։ Պետի մայրը՝ Սվետլանա Արզումանյանը, միանձնյա սեփականությամբ անհատական բնակելի տուն է ձեռք բերել 2019 թվականին նույն համայնքում։ Ե՛վ կինը, և՛ մայրը զգալի որևէ ֆինանսական եկամուտներ չունեն նման բնակարան գնելու համար։ Արզումանյանի մայրը թոշակառու է, ով ստանում է տարեկան 432 հազար դրամ կենսաթոշակ։ Իսկ Արզումանյանի տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 5 մլն 252 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից և ՀՀ Քրեակատարողական ծառայությունից։
Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ և 2 հազար ԱՄՆ դոլար։
ArmLur.am-ը գրել էր, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում արշալույսները խախաղ չեն լինելու: Բանտում իրարանցում է եւ այն կապված է նորանշանակ պետի հետ:
Հաջորդ նշանակումը, որ հաջորդեց Արզումանյանին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում Լաերտ Գրիգորյանինն էր։
Գրիգորյանը Վաղարշապատ և Մեծամոր համայնքներում ունի համատեղ սեփականությամբ 2 բնակարան, որոնք ձեռք են բերվել 1989 թվականին։ 2019 թվականին գնել է 2011 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը 2022 թվականին 4 մլն դրամով այն վաճառել է։ Գրիգորյանի 2022 թվականի տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 807 հազար դրոմ, որից 6 մլն 807 աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից։ Հետաքրքիրն այն է, որ Գրիգորյանը գրեթե իր աշխատանքի վարձատրությանը համարժեք թանկարժեք զարդ է հայտարարագրել, որը ժառանգություն է ստացել 1990 թվականին։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 17 մլն դրամ, 15 հազար ԱՄՆ դոլար և 5 հազար եվրո։
Էմմա Միքայելյան