Իրաքում դատապարտել են ԱՄՆ ավիահարվածները իրանական օբյեկտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությանը, որ Իրաքի իշխանությունը նախապես տեղեկացվել է հնարավոր հարվածների մասին՝ Իրաքի զինված ուժերի խոսնակ Յահյա Ռասուլը դատապարտել է ԱՄՆ գործողությունները՝ դրանք որակելով երկրի ինքնիշխանության խախտում: Նա մտահոգություն է հայտնել, որ տեղի ունեցածը սպառնում է տարածաշրջանային կայունությանը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում Իրանի հետ կապ ունեցող օբյեկտներին՝ ի պատասխան հունվարի 28-ին Հորդանանում ամերիկյան բազայի վրա անօդաչու սարքի հարձակմանը, որի հետևանքով երեք ամերիկացի զինվորական է զոհվել, 40-ից ավելին՝ վիրավորվել:

Թեհրանը շարունակում է հերքել բոլոր մեղադրանքները և Հորդանանում տեղի ունեցածի հետ կապը: Միաժամանակ, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զգուշացրել է՝ չեն պատրաստվում պատերազմ սկսել, սակայն վճռական պատասխան կտան ցանկացածին, ով կփորձի ահաբեկել Իրանին:

Ավելի ուշ արաբական լրատվամիջոցները հայտնել են, որ հրթիռային հարված է հասցվել նաև Սիրիայի արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։ Դեռ հայտնի չէ՝ ով է հարձակման հեղինակը:




Լրահոս