ԱԺ ընդդիմադիր ուժերի և այլընտրանք համարվող ԲՀԿ-ի համագործակցության մասին շատ խոսվեց: Հետաքրքիրն այն է, սակայն, չորս ուժերի միջև տեղի ունեցող քաղաքական կոնսուլտացիաներն ընթանում են փակ միջավայրում և Ծառուկյանին պատկանող օբյեկտներում: Մասնավորապես ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հանդիպումը տեղի ունեցավ Կոնյակի գործարանում, իսկ «Ժառանգություն-ԲՀԿ» հանդիպումը, շրջանառվող լուրերի համաձայն, Ծառուկյանի առանձնատանը:
armlur.am լրատվականի թղթակիցը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց` ինչու է ՀԱԿ- ԲՀԿ հանդիպումը տեղի ունեցել Ծառուկյանի կոնյակի գործարանում և ոչ թե օրինակ ԱԺ-ում: Չէ՞ որ ԱԺ պատգամավորների աշխատավայրը հենց ԱԺ-ն է: Իսկ հանդիպման բոլոր կողմերը ԱԺ պատգամավորներ էին. և՛ Ծառուկյանը, և՛ Զուրաբյանը: Իսկ Աժ-ն էլ համարվում է քաղաքական թատերաբեմ, որտեղ պետք է տեղի ունենան քննարկումներ, հանդիպումներ:
Այս հարցին ի պատասխան Լևոն Զուրաբյանն ասաց, որ տեղի հարցն իր համար երկրորդական է. կարևորը գործն առաջ գնա:
Նշենք, որ եթե ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը տեղի էր ունեցել կոնյակի գործարանում, Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը, ըստ «Հրապարակի», տեղի է ունեցել Ծառուկյանի Առինջի առանձնատանը, որտեղ, ինչպես հայտմի է, ԲՀԿ ղեկավարը առյուծներ է պահում:
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանից armlur.am -ի թղթակիցը հետաքրքվեց` առյուծները չե՞ն խանգարել, որ հանդիպումը տեղի ունենա առանձնատանը, այլ ոչ թե ԱԺ-ում: Սաֆարյանն ասաց, որ ինքը չի հաստատի Ծառուկյանի առանձնանատը հանդիպելու փաստը, բացի այդ` իրեն քիչ է հետաքրքրում` որտեղ է տեղի ունեցել հանդիպումը: Կարևորը հանդիպումն է:
Սոնա Դավթյան