Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԼԻՏՎԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վիլնյուս նախապես պլանավորված այցը չեղարկվել է. Լիտվայի ԱԺ նախագահը ժամանակ չունի Ալեն Սիմոնյանին ընդունելու: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության ԱԺ կայքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը բավականին մեծ շքախմբով մարտի 3-ից 6-ը պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, այնուհետեւ՝ 7-ից 8-ը, մեկնելու է Տալլին։ Պատվիրակության կազմում էին Արսեն Թորոսյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԱԺ մի խումբ աշխատակիցներ, սակայն ոչ մի ընդդիմադիր պատգամավոր: Մարտի 3-ից անցել է արդեն 4 օր, սակայն ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը լռում է Վիլնյուսի պաշտոնական այցի լուրի մասին։ Ավելին՝ ՀՀ ԱԺ նախագահը երեկ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել Տալլինից, ինչը ուղիղ փաստում է, որ ԱԺ նախագահի պատվիրակությունը միանգամից մեկնել է Տալլին: Այն, որ Ալեն Սիմոնյանը Վիլնյուս չի մեկնել, վկայում է նաեւ նրա կողմից ստորագրված հաջորդ կարգադրությունը, որով ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները մարտի 5-ից 7-ը դրվում է Հակոբ Արշակյանի վրա։ Ավելի ուշ ԱԺ-ն հավելումներ է արել ԱԺ նախագահի գործուղման մասին համապատասխան կարգադրության մեջ՝ հավելվածի վերջում ավելացնելով, որ կարգադրության տեքստից հանում է Վիլնյուս բառը, բայց ծախսերի վերադարձի մասին ոչինչ չկար փաստաթղթերում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումների համար զանգահարեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակին, սակայն հեռախոսազանգին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անձամբ: ԱԺ նախագահը հաստատեց, որ Վիլնյուս այցը չի կայացել, հետաձգվել է: «Երկկողմ համաձայնությամբ է այցը չեղարկվել: Իրենք ընտրությունների են պատրաստվում, նախընտրական թոհուբոհի օրերի հետ կապված՝ անհամաձայնություն կար, ես էլ վատառողջ էի, չէի կարող գնալ»,- պարզաբանեց Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ եթե այցը հետաձգվել է, կա՞ արդյոք պայմանավորվածություն, թե որքան ժամանակ է այն հետաձգվել, երբ այն պետք է կայանա: «Ապրիլի 2-րդ կեսին համաձայնություն կա, երեւի 19-ի կողմերը, որ հետաձգված հանդիպումը տեղի կունենա. դեռ չենք հաստատել, քննարկում ենք սա»,-մանրամասնեց ԱԺ նախագահը: Այսպիսով, արձանագրենք, որ Ալեն Սիմոնյանի համար իր պաշտոնակիցը՝ Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորիա Խմելիտե Նիելսենը, ժամանակ չունի: Հետաքրքիր է՝ ԱԺ նախագահի այցը կազմակերպողները չգիտեին արդյոք, որ Լիտվայում ընտրություններ են սպասվում այցի օրերին:

 

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սկսել է չարաշահել խնամի-ծանոթ-բարեկամ թեորեմը եւ սեփական բարեկամներին աշխատանքի տեղավորելուց հետո անցել է հեղափոխության ընթացքում ակտիվություն ցուցաբերած «հպարտ քաղաքացիներին»։ Եթե Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ-ական փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի վիրակապին չհետեւեր, ապա դեռ կշարունակեր առ այսօր աշխատել Vivaro բուքմեյքերական գրասենյակում։ Վերջինս կրկնում է դասական ՔՊ-ականների գերակշիռ մեծամասնության հետհեղափոխական կյանքի ուղին, ինչպես Հայկ Կոնջորյանի կնոջ դեպքում է։ Կոնջորյանը կնոջը տեղավորել էր «ՀայՓոստ»-ում, ապա աստիճանաբար սկսել էր նրա հաստիքը բարձրանալ, դրան զուգահեռ, կրկնապատկվում էր կնոջ տարեկան ֆինանսական եկամուտը։ Սերոբ Սարգսյանի դեպքում կարիերայի աճը գրանցվել է այլ կերպ։ Նա նախ Արաբկիրի թաղապետարանում տեղավորեց կնոջը, ապա ինքը սկսեց «շրջագայել» պետական աշխատավայրերում` Աջափնյակի թաղապետարան, «ՉՀԳ» ՓԲԸ, Շրջակա միջավայրի նախարարություն, կրկին Աջափնյակի թաղապետարան, այժմ էլ՝ «ՀայՓոստ» ՓԲԸ, որը թեեւ ամեն ամիս որպես անպարտաճանաչ հարկատու ՊԵԿ-ի կողմից տուգանվում է ՀԴՄ խախտման համար, սակայն պարտաճանաչ վճարում է ՔՊ-ականների եւ նրանց կանանց աստղաբաշխական աշխատավարձերը։ Հավելենք նաեւ, որ սա այն նույն փոխթաղապետն է, որը 2022 թվականի ապրիլի 30-ին Երեւանի Նալբանդյան փողոցում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներին անվանել էր «փնթիներ»։

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձեւավորված «Միասին» այլընտրանքային հասարակական շարժման ներսում արշալույսներն այնքան էլ հանդարտ չեն. շարժման անդամները տարաձայնություններ ունեն իրար հետ: Դեռ նախորդ  տարի ընդդիմադիր մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ  ձեւավորեցին «Միասին» շարժում ու խոստացան ամեն ինչ անել՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու եւ Արցախի հարցը կրկին օրակարգ բերելու համար: Շարժումը պարբերաբար ակցիաներ էր իրականացնում՝ իրենց ձեւակերպմամբ՝ «աթոռներից հեռացնելու օրվա ձախորդ կառավարությանը»: Բայց, արի ու տես, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», ու ոչ միայն Փաշինյանին հեռացնել չստացվեց, այլ շարժումն է կարծես փլուզման գնում: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շ արժման անդամները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ: Խոսքը, մասնավորապես, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի եւ ՍԴԿ նախագահ Արամ Սարգսյանի մասին է, որոնք, ըստ մեզ հասած տեղեկությունների, լուրջ տարաձայնություն են ունեցել՝ շարժման օրակարգի ու բովանդակության հետ կապված: Բանն այն է, որ Էդգար Ղազարյանը Սարգսյանին ասել է, որ նմանատիպ ակցիաներն ու  նույնաբովանդակ ելույթներն անիմաստ են, միայն մսխում են հանրային ռեսուրսը, ու պետք է նոր քայլեր ձեռնարկել: Արամ Սարգսյանը, սակայն, համաձայն չի եղել նրա հետ, ինչից հետո, կարելի է ասել, շարժման անդամների ճանապարհները բաժանվել են։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ Էդգար Ղազարյանը, որը վարում էր «Միասին» շարժման՝ փետրվարի 20-ին տեղի ունեցած ակցիան, շարժման հաջորդ ակցիաներին ներկա չէր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Էդգար Ղազարյանի հետ՝ պարզելու՝ ինչ տարաձայնություններ են ունեցել Արամ Սարգսյանի հետ, ու ինչու չի մասնակցում շարժման ակցիաներին։ Վերջինս չցանկացավ փակագծեր բացել, միայն նշեց. «Շարժման ակցիաներին կրկին կմիանամ միայն այն ժամանակ, երբ դրա օրակարգի ու բովանդակության հետ կապված հստակեցումներ լինեն»:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի կողմից երեկ ազդարարված Համահայկական ճակատ կուսակցության նախագահը կլինի Հովհաննես Շահինյանը (տե՛ս կուսակցություն ընդունվելու դիմումի ձեւը ArmLur.am կայքում)։ Թե ինչու է ընդդիմադիր գեներալի ընտրությունը կանգնել Արաբկիրի նախկին թաղապետի վրա, «Ժողովուրդ» օրաթերթը կփորձի պարզել առաջիկայում։ Հիշեցնենք, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ 2023 թվականի ապրիլին նախաձեռնվել էր հետապնդման վարույթ: Շահինյանի փաստաբանը նշել էր, որ իրենք անգամ չգիտեն, թե քրեական օրենսգրքի որ հոդվածի շրջանակներում է իրականացվում քրեական վարույթը: Վերջինս եկել էր այն համոզման, որ նախաձեռնվածը քաղաքական հետապնդում է:

 




Լրահոս