Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, ինչպես նախապես հայտնել էր ArmLur.am-ը, օգոստոսի 18-ին նախատեսված էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հանդիպումը։ Քննարկման ընթացքում պետք է որոշվեր, թե ով է այս փուլում ստանձնելու Արցախի ԱԺ նախագահի և նախագահի տեղակալի պարտականությունները։
Նախատեսվում էր, որ հանդիպումից հետո Արցախի պաշտոնյաները հանդես կգան համապատասխան հայտարարությամբ։ Սակայն հանդիպումից մեկ օր անց որևէ հայտարարություն չի տարածվել՝ ո՛չ ԱԺ նախագահի ընտրության, ո՛չ էլ նախատեսված քննարկման վերաբերյալ։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի 18-ին նախատեսված քննարկումն այդպես էլ չի կայացել։ Թե ինչ պատճառով է այն չեղարկվել կամ հետաձգվել, առայժմ հայտնի չէ։ ArmLur.am-ի տեղեկությունը հաստատեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ նախատեսված հանդիպման ընթացքում Արցախի ԱԺ խմբակցությունները պետք է քննարկեին, թե այս փուլում ով կարող է կատարել Ազգային ժողովի նախագահի պարտականությունները։
Պատգամավորը նշեց, որ այդ հարցի շուրջ մինչ այժմ տարբեր քննարկումներ են տեղի ունեցել, իսկ օգոստոսի 18-ի հանդիպման նպատակն արդեն ընդհանուր հայտարարի գալն ու համապատասխան որոշում կայացնելն էր։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























