Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշել է, որ մարտի 31-ին Վանի քաղաքապետի ընտրությունում հաղթել է քրդամետ DEM կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանը։ Նա ստացել էր ձայների 55,4 տոկոսը, սակայն ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել ընդդիմադիր թեկնածուի արդյունքները՝ պատճառաբանելով, որ նա առաջադրվելու իրավունք չուներ: Զեյդանին մեղադրում են նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ առնչության համար: Արդյունքում Քաղաքապետի պաշտոնը փոխանցվել էր Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Աբդուլա Արվասին, որն ստացել էր ձայների 27,1 տոկոսը:
Քրդամետ կուսակցությունը բողոքարկել էր որոշումը: Վան քաղաքում մի քանի օր շարունակ զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել, որոնք ուղեկցվել են իրավապահների և ցուցարարների միջև բախումներով։ Հանրային դժգոհության և ցույցերի ֆոնին էլ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերանայել է որոշումը՝ վերականգնելով քրդամետ թեկնածուի մանդատը: Որոշմանը կողմ է քվեարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի յոթ անդամ, դեմ՝ չորսը։