Մարտի 20-ի հանրահավաքից հետո Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը պաշտոնական հանրագիր է ուղարկել ՀՀ վարչապետին՝ ներկայացնելով հանրահավաքում ընդունված հայտարարությունը: Մարտի 27-ին նախաձեռնությունը դիմումներ է հղել ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցություններին՝ նրանց ուղարկելով հայտարարությունը եւ առաջարկելով ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել խորհրդարանական լսումներ բարձրացված հարցերի շուրջ: Ներկայացնելով հանրահավաքի արդյունքները՝ նախաձեռնությունն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն եւ հստակ դիրքորոշում կհայտնեն ներկայացված հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն քննարկումներ իրականացնել հետագա անելիքների վերաբերյալ: Հանրագրի մեջ նախաձեռնությունը նշել է նաեւ, որ հետեւողական են լինելու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության եւ կարիքների բավարարման հարցերում՝ կիրառելով օրինական բոլոր միջոցներն այդ ճանապարհին եւ զերծ մնալով հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցնող որեւէ քայլից:
Արդյոք ՀՀ Ազգային ժողովում կբարձրացվե՞ն նախաձեռնության ներկայացրած խնդիրները: ArmLur.am-ը կապ է հաստատել «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի հետ:
«Մենք մշտապես համագործակցում են Արցախի խմբակցությունների հետ: Արցախի վերաբերյալ բոլոր հարցերը, ինչպես գիտեք, մենք Ազգային ժողովում շուտվանից ենք բարձրաձայնում: Սկսած 2021թ. օգոստոսից առաջին հերթին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ անցկացնել, որն այդպես էլ Ազգային ժողովի նախագահը չանցկացրեց: Հիմա էլ, ինչքանով որ տեղյակ եմ, ՀՀ Ազգային ժողովի նախագահը Արցախի ԱԺ ղեկավարությանը չի ընդունում: Ինչ վերաբերում է սոցիալական եւ մնացած, նաեւ քաղաքական խնդիրներին, մեր պատգամավորների կողմից բարձրաձայնվում են եւ՛ հայտարարությունների, եւ՛ հարցուպատասխանի ժամանակ»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով արցախցիների հնարավոր ետվերադարձին՝ Օհանյանը առանձնացրեց երեք հանգամանք, որ պիտի հաշվի առնվի: «Առաջին հերթին պետք է նշենք, որ հակամարտությունը չի ավարտվել: Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական» գործողությունները, որ իրականացվեց երկարատեւ շրջափակումից հետո, հանցագործություն էր Արցախի ժողովրդի նկատմամբ: Տեղահանման ցեղասպանություն իրականացնելով՝ Ադրբեջանը հակամարտությունն ավելի խորացրեց: Ադրբեջանը միջազգային հանցագործություն կատարեց, որի համար պիտի պատասխան տա: Երկրորդ հերթին պետք է պահպանել Արցախի սուբեկտայնությունը: Արցախի ամբողջ քաղաքական, հասարակական հարթակները պետք է աշխատեն, եւ նրանց աշխատանքի հիմքում պետք է դրված լինի արցախցիների կարգավիճակի, եւ ամենակարեւորը՝ ետվերադարձի միջազգային անվտանգության, ինչպես նաեւ Արցախում կայուն հիմքեր ստեղծելու դրույթները: Մենք տեսնում ենք ետվերադարձի խնդիրը»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այն լուրջ անվտանգային խնդիր է, որը պետք է ապահովված լինի:
Անդրադառնալով երրորդ հանգամանքին՝ կրկին շեշտեց, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել, եւ որ պետք է պահպանել Արցախի սուբյեկտայնությունը:
«Բանակցային գործընթացը՝ կա՛մ հին, կա՛մ նոր, այլընտանք չունի: Այդ առումով Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, որտեղ համապատասխան աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի Արցախի հարցը լուծվի: Այդ ամենի համար, որքան էլ մենք համատեղ աշխատանքային խմբեր ստեղծենք, բավարար չէ: Առաջին հերթին Արցախի իշխանությունը պետք է աշխատի: Այստեղ հապաղելը, ուշացնելը կարող է կործանարար լինել»,- ասաց Սեյրան Օհանյանը:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏՈՒԳԱՆՔԻ «ՄԱՏԵՐԻԱԼ» ՉԷ
Իշխանությունները փորձում են իրենք իրենց հերքելով արդարացնել եւ պնդել, որ քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ։
Կառավարության դեռ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին հարցը։
Նախագծի էությունը, ըստ Փաշինյանի, հետեւյալն է՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, մնացած կեսը համարվում է վճարված, այսինքն՝ եթե 15 օրվա ընթացքում է վճարում, վճարում է կեսը։ Երկրորդը հետեւյալն է. եթե քաղաքացին police.am կայքում գրանցվում է եւ ասում է՝ ինձ ծանուցումները պետք չէ թղթային եղանակով ուղարկել, ինձ ուղարկեք էլեկտրոնային տարբերակով, դրա համար եւս 5 տոկոս զեղչ է ստանում։
Նիկոլ Փաշինյանը հավելեց նաեւ, որ պետք է էլեկտրոնային գրանցման համար զեղչը սահմանել 30 տոկոս, որպեսզի խրախուսեն թվայնացմանը։ 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում եւս 30 տոկոս զեղչ սահմանել։
Եվ այսպես, նախագիծն ընդունվեց եւ ապրիլի 5-ից այն կկարգավորվի օրենքով։ Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված, բացառությամբ տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի։
Օրինակ՝ եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 3500 դրամ։
Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի տուգանքի կեսը, մնացած կեսը կհամարվի վճարված, այսպիսով կարձանագրենք, որ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, սակայն այլ կարգավորումներով քաղաքացուն ստիպում են դառնալ տուգանքի մատերիալ, երբ, օրինակ, փողոցն անցնեք հետիոտնային կանաչ լույսը կարմիրի փոխվելու պահին։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՆՈՐԻՑ ԴՊՐՈՑ Է ԳՆՈՒՄ
2023թ. աշնանը Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղում բացահայտվել էր 14-ամյա աղջկա հետ գյուղի չափահաս տղամարդկանց սեռական հարաբերություններ ունենալու դեպք, հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում նույն գյուղի բնակիչ, 58-ամյա եւ 57-ամյա տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ 14-ամյա աղջիկը կատարվածից հետո դպրոցում ուսումնառությունը թողել էր, տեղափոխվել Բերդ քաղաքում ապրող իր հարազատի մոտ։ Այդ աղջկա հետ կատարված դեպքի կապակցությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցների, Բերդ համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, ՄԱԾ Բերդի տարածքային կենտրոնի, ոստիկանության համապատասխան աշխատակիցների եւ համայնքում գործող՝ երեխայի հարցերով զբաղվող ՀԿ-ների ու միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի էր ունեցել քննարկում, որի ընթացքում քննարկվել էին դեպքի հանգամանքները եւ երեխայի հետ իրականացվելիք առաջնային քայլերը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք ուղարկել՝ 14-ամյա աղջկա հետագա ուսումնառության, նրա բնակության վայրի հետ կապված։ Մարզպետարանի պատասխանում նշված է. «ՀՀ Տավուշի մարզի Բերդ բնակավայրի Վ. Կ. Աղբյուրի միջն. դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհու դեմ կատարված ոտնձգությունների հետեւանքով երեխայի բարոյահոգեբանական վիճակի եւ նրա կրթական իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը իրականացրել է որոշակի աշխատանքներ։ Մարզպետի աշխատակազմը մշտապես համագործակցել է Բերդ համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, դպրոցի տնօրենի, ՆԳՆ ոստիկանության Տավուշի Մ/Վ Տավուշի տարածքային բաժնի ԱԳ եւ ԸԲԿ խմբի տեսուչների եւ համայնքում գործող «Տավուշ» բարեգործական հիմնադրամի հետ։ Հետեւողական եւ համատեղ աշխատանքների արդյունքում երեխան վերադարձել է հանրակրթություն։ Ներկայումս նա սովորում է Վ. Կ. Աղբյուրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, կանոնավոր հաճախում է դասերի: Երեխան բնակվում է Բերդ քաղաքում՝ մայրական կողմի պապիկի տանը։ Երեխան տատիկի կամ մորաքրոջ ուղեկցությամբ շաբաթական 3 անգամ հաճախում է «Տավուշ» բարեգործական հիմնադրամ, որտեղ ստանում է սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Տատիկի եւ ընտանիքի մյուս անդամների հետ տարվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Երեխայի հոր հետ եւս շարունակվում են տարվել ծնողական հմտությունների զարգացման ուղղված աշխատանքներ»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ