Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունը եւ ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը պաշտպանության ոլորտում, ինչը երկրին թույլ է տալիս Հայաստանին հավասարակշռել հարաբերությունները իր ագրեսիվ հարեւանի՝ Ադրբեջանի հետ։
Անն-Լորանս Պետելը խոսել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Ֆրանսիայի անելիքների, պաշտպանության, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարների, Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւի մասին, որը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձը՝ երաշխավորելով համապատասխան պայմաններ նրանց անվտանգության եւ բարեկեցության համար։
-Որպես Ֆրանսիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար առաջին անգամ եք այցելում Հայաստան։ Ի՞նչ օրակարգով եք այցելել մեր երկիր։
-Սա իմ չորրորդ, գուցե, նույնիսկ հինգերորդ այցն է Հայաստան։ Այս անգամ Հայաստանի հետ բարեկամության խմբի պատվիրակության այցն է, ուստի ես առաջին անգամ եմ այցելում Հայաստան՝ որպես բարեկամության խմբի նախագահ: Մեր պատվիրակության կազմում տարբեր համոզմունքների եւ տարբեր խմբակցությունների պատգամավորներ են ընդգրկված: Մենք ունենք բազմակուսակցական պատվիրակություն, ինչն արտացոլում է բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից Հայաստանին աջակցելու կոնսենսուսը։
-Հունվարին Ֆրանսիայի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւ ընդունեց, որը մի փոքր աննկատ մնաց։ Կմանրամասնեք՝ ի՞նչ բովանդակություն ուներ բանաձեւը։
-Այո, իսկապես։ Բանաձեւն ընդունվել է Ֆրանսիայի Սենատի կողմից: Այն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը՝ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։ Բացի այդ, այն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիան եւ Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքից։
-Նաեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արվում։
-Այո, նաեւ կոչ է անում պատժամիջոցներ կիրառել։
ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ ՉԻ ԱՐՎՈՒՄ
«Ես առաջարկում եմ, որ եթե հնարավոր է վազող տողով, կարմիր գունով գրենք, որ ՀՀ-ում որեւիցե մեկն օրենքով իրավունք չունի որեւիցե բան հանձնի, դա օրենքով արգելված է, երկրորդը՝ ՀՀ իշխանությունը որեւիցե պարագայում ՀՀ որեւիցե տարածք, չի պատրաստվում նույնիսկ քննարկել նման բան»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշում 4 գյուղերի տարածքների հանձնման թեմային:
«Երրորդը դրա օրինակը մենք ունենք, երբ որ խոսք էր գնում Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին: Մենք հստակ ասացինք, որ եթե ինչ-որ պարագայում մեզ ինչ-որ բան պարտադրվի, մենք կռվելու ենք դրա համար, մենք կռվելու ենք մինչեւ վերջ: Եւ այսօր այն խոսակցությունները, որոնք կան, դրանք ստոր շահարկումներ են, որովհետեւ նույնիսկ այս պարագայում, երբ որ մենք ասում ենք, այո, վտանգը կա, որ մենք ասում ենք բավականին վերջերս պատերազմական առումով անհաջողություն ենք կրել, եթե մեզ պարտադրվի որեւէ բան, հայաստանյան իշխանության պատասխանը միակն է՝ մենք կռվելու ենք, եւ եթե մենք պարտվենք, իրենք դա վերցնեն, միեւնույնն է, մենք դա անելու ենք կռվով: Եւ որեւիցե մեկը, որեւիցե բան ՀՀ տարածքից ո՛չ կարող է, ոչ՛ պատրաստվում է, ո՛չ էլ պատրաստ է քննարկել»,-ասել է նա:
Ալեն Սիմոնյանը նաեւ իր հետ բերել էր քարտեզ, որում երեւում էր, թե Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում որտեղ է ՀՀ- Ադրբեջան սահմանագիծը անցնում ըստ Ալմաթիի հռչակագրի:
«Էն գյուղերը, որոնք նշում է Ադրբեջանը դրանք են՝ Բաղանիս- Այրում, Աշըղ-Ասքիպարա, Խեյրումլի եւ Կըզըլ Հաջիլի, ընդ որում, այս վերջինը հիմա իրենց մոտ է: Ամբողջ տրամաբանությունը այն է, որ ասում են՝ Ոսկեպարը հանձնում են, ինչ Ոսկեպարի մասին է խոսքը, էդ անգրագետ պնդումները, որոնք կան, կա՛մ անգիրագիտությունից են արվում, կա՛մ սադրելու համար են արվում, Հայստանում ներքաղաքական պրոցես սկսելու: Էս խոսակցությունը նրա մասին է, որ մենք պատրաստ ենք էս կտորում անել դեմարկացիա՝ մերը ինչ մերն է, մնալու է մերը, ինչը իրենց է, թող մնա իրենց: Այստեղ նաեւ հարց են բարձրացնում կոմունիկացիաներ մասին, այս տարածքում գազատար չկա: Կա ճանապարհի մի կտոր, որ երբ որ այդ խոսակցությունը գա հասնի, որ հասկանանք ճանապարհի այդ կտորը ինչ ենք անելու, մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեր ճանապարհը մի քանի կիլոմետր կարող ենք էս կողմով սարքել»,-ասաց նա:
Հարցին թե, Հայաստանը սա անում է սպառնալիքի տակ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա սպառնալիքի տակ չի արվում, դա արվում է, որովհետեւ պետք է Հայաստանին:
«Երբ որ մենք ասում ենք՝ ՀՀ-ն կադաստրի վկայական ունենա, դա վերացական բան չի կարող լինել »,- նշում է նա:
Հարցին, որ եթե այս տարածքները հանձնվեն, Ադրբեջանը կճանաչի որ դա սահմանն է, ԱԺ նախագահը ասաց. «Բա ինչ պիտի անի, իհարկե, երբ որ ինքը ճանաչում է մեր սահմանը, ինքը դրանով ճանաչում է իր սահմանը, այստեղ Ադրբեջանի սահմանը կապված է նաեւ մեր ճանաչելով: Մենք չենք պատրաստվում որեւիցե բան զիջենք այն պայմանով, որ պատերազմ չլինի, որը մերն է, չի լինելու տենց բան, ամբողջ իշխանության անունից եմ հայտարարում, անհնար է: Երբ որ մենք պատերազմում ենք մեր տարածքում, ամբողջ աշխարհը պատրաստ է պաշտպանելու մեզ, երբ որ մենք պատերազմում ենք այն տարածքում, որը ընկալվում է այլ տարածք, ամբողջ աշխարհը լռում է»:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՅՍ ԹԵՄԱՆ
«Հայաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի միութենական պետությանը, չեն համապատասխանում իրականությանը»,- 24News պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես ինքս այս հարցը տալիս եմ՝ որտեղի՞ց այս թեման։ Այստեղ կան հասարակական կազմակերպություններ, քաղաքական ուժեր, որոնք քարոզում են այս գործընթացը, բայց այս դեպքում նրանք կապ չունեն մեր միջպետական հարաբերությունների, մեր քաղաքական երկխոսության հետ։ Որպես մարդ, որպես ռուս, որպես դեսպան, ես դրա նկատմամբ համակրանք ունեմ, բայց չգիտեմ, որ այս հարցը երբեւէ բարձրացվել է որպես մեր քաղաքական երկխոսության եւ քննարկման առարկա»,- ասաց նա։
Կոպիրկինը հավելեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դառնում են ավելի լայն առճակատման առարկա. ԱՄՆ-ն բացահայտ ասում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է հենց Ռուսաստանի եւ Իրանի հետ առճակատման համատեքստում։
«Սա շատ վատ է, շատ վտանգավոր է, իսկապես կարող է իրական վնաս հասցնել մեր հարաբերություններին, եթե հայկական կողմից բավարար քաղաքական կամք չլինի՝ պաշտպանելու մեր հարաբերությունների ողջ զանգվածը, ինչը շատ կարեւոր է հասարակ մարդկանց համար»,- նշել է նա։
ԷՖԵՆԴԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է
«Նեղացկոտ էֆենդին արգելել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում»,- սոցցանցերում գրել է ռուս լրագրող Մարգարիտա Սիմոնյանը։
«Եվ ինչպես էր նա շնչում, ինչպես էր շնչում: Նա իշխանության եկավ «խոսքի ավելի շատ ազատություն» կարգախոսներով։ Ավելի քիչ խոսքի ազատություն կա։ Իսկ Ղարաբաղի հետ անհարմար ստացվեց։ Ինչու՞ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում են բռնապետ ու չարաշահող։ Առեղծված է»,- գրել է նա։
Նշենք, որ Հայաստանում արգելափակվել է «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» եւ «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը։