ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Humanitarian Aid Relief Trust» (HART) բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել կազմակերպության գործադիր տնօրեն Սեմ Մեյսոնը, ծրագրերի համակարգող Դեյվիդ Թոմասը, կազմակերպության աջակից Դեյվիդ Ռոդսը, քաղաքական գործիչ Գեւորգ Քեփենիկյանը, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Թադևոսյանը։ 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացին առնչվող մի շարք հարցեր. անդրադարձ է կատարվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավման ու անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում աշխատանքի եւ  սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված գերակայություններին՝ նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացը. նա խոսել է հայրենակիցներին ուղղված միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության տեսլականի մասին՝ նշելով, որ վերջիններիս կենսապայմանների բավարարումը շարունակում է մնալ պետության ուշադրության առանցքում։

Ներկայացնելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող աշխատանքները՝ նախարարը մանրամասնել է անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ նախատեսվող քայլերը. զրուցակիցներն անդրադրարձել են նաեւ տարեցներին, հոգեկան եւ մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից պատվիրակվող ծառայությունների շրջանակին։ Բարոնուհին նշել է, որ HART-ը եւս պատրաստ է ներգրավվել անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացում։

Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել նախարարին իրականացվող ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության զարգացման ուղղությամբ։

 

 

ՄԵԿ ԱՄՍՈՒՄ՝ ՔՈՒԹԵՇԻ 262 ԴԵՊՔ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2024 թվականի փետրվար ամսին գրանցվել է քութեշի վարակման 262 դեպք։

Վիրուսային բռնկման այդ ժամանակահատվածում գրանցվել է նաեւ ջրծաղիկի 1 754 դեպք, որից 1 614 դեպքը մինչեւ 18 տարեկանների շրջանում։

Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ քութեշի, ինչպես նաեւ այլ օդակաթիլային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը։ Հիվանդացությունն ունի օրինաչափություն՝ առավել հաճախ հանդիպում է աշնան-ձմռան ամիսներին եւ նվազում է ամռանը, ինչպես նաեւ բնորոշ է պարբերականությունը՝ 4-7 տարի։ Քութեշով հիվանդացության մակարդակը հիմնականում պայմանավորված է մանկական տարբեր հաստատությունններ հաճախող նախադպրոցական տարիքի երեխաների վարակակիր դառնալու հանմգամանքով։ Մանկական նախակրթարաններ կամ ուսումնական հաստատոթյուններ հաճախող երեխաները 3-4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան չհաճախողները։

ArmLur.am-ը օրերս գրել է, որ քութեշի բռնկման պատճառով Երեւանում փակվել էին մանկապարտեզի խմբեր։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Fastex-ը եւ Երեւանի պետական համալսարանն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթական եւ գիտահետազոտական համատեղ լրացուցիչ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու նպատակով։

Համագործակցության շրջանակում Fastex-ի կողմից մշակվելու են «Բլոկչեյն եւ վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ եւ մագիստրոսական ծրագիր: ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենալու պարբերաբար մասնագիտական պրակտիկա անցնել Fastex-ում, իսկ մագիստրոսական ծրագրում լավագույն առաջադիմությունը ցուցաբերած եւ Fastex-ի կողմից ընտրված ուսանողներին հատկացվելու է անվանական կրթաթոշակ՝ ուսման վարձի մինչեւ 100 տոկոս փոխհատուցմամբ: Երեւանի պետական համալսարանն զբաղվելու է անհրաժեշտ տեխնիկայի, լսարանների եւ լաբորատորիաների ապահովման հարցերով:

Fastex-ԵՊՀ գործընկերությունը միտված է մեր երկրի գիտակրթական ներուժի լիարժեք իրացմանը, եւ մասնավորապես, բլոկչեյնի ու վիրտուալ ակտիվների ուղղության խթանմանը։ Հուշագրով Fastex-ն իր  պատրաստակամություն է հայտնում՝ լավագույն ջանքերը ներդնելու երիտասարդության շրջանում մասնագիտական բարձրորակ կրթության ապահովման ուղղությամբ։

 

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 47 ԵՐԵԽԱ

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն ըստ տարիքային խմբերի եւ սոցիալական վիճակի, 2023 թվականի երկրորդ կիսամյակում ընդհանուր առմամբ կազմել է 27 երեխա։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ որդեգրման ենթակա երեխաների քանակը մայրաքաղաք Երեւանում 14-ն է, Արագածոտնի մարզում՝ 1-ը, Արարատի մարզում՝ 4-ը, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում՝ 3-ը, Լոռու մարզում՝ 2-ը։ Մյուս մարզերում որդեգրման ենթակա երեխաներ չկան։ Նշված 27 որդեգրման ենթակա երեխաներից 11-ը առողջ են, 16-ը՝ առողջական խնդիրներ ունեցող, 4-ը՝ հաշմանդամ։ Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը 2023 թվականի ընթացքում կազմել է 47 երեխա։

Հաշվառված երեխաների հիմնական մասը ՀՀ քաղաքացիներ են։ Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը կազմել է 157։

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ» ՎԱՃԱՌՎԵՑ

Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վաճառվեց. կառուցվածքում փոփոխություններ են արվել։ Տեղեկությունը հայտնում է բանկի պաշտոնական կայքը։

«Բաժնետերերի եւ կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո բանկի վաճառքի գործարքը կնքվել է, եւ «Ամերիաբանկի» բաժնետերերի կառուցվածքի համապատասխան փոփոխությունները գրանցվել են»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ բանկի բաժնետոմսերը կգնի «Վրաստանի բանկը»` Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Bank of Georgia Group»-ը, բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։ «Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարեց, որ «Bank of Georgia Group PLC»-ը 303,6 մլն դոլարով կգնի «Ամերիաբանկը»։

Հիշեցնենք` նախկինում «Ամերիաբանկի» բաժնետերերն էին «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%-ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման եւ  զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաեւ «ESPS Group»-ը, որում ընդգրկված են «Ameria Group»-ի մի շարք մենեջերներ (12,05%):

2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ-ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է «Արդշինբանկին»:

 

 




Լրահոս