Անգլիացի հայտնի կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, թափառաշրջիկ Չարլի Չապլինի կերպարի ստեղծող Չարլզ Սպենսեր Չապլինը ծնվել է 1889 թվականի այս օրը:
Դժվար պայմաններում մեծացած դերասանը, ով 75 տարի մասնագիտական գործունեություն է ծավալել, վաղ տարիքից դերեր է ստանձնել և բեմ բարձրացել այն բանից հետո, երբ 14 տարեկանում մորը տեղափոխել են հոգևբուժարան: 19 տարեկանում տեղափոխվում է ԱՄՆ և առաջին քայլերն անում «Քիստոուն» Ստուդիայի հետ՝ նկարահանվելով «Կեցություն ստեղծելով» ֆիլմում: Չապլինն ինքն է գրել, խմբագրել, խաղացել և հանդես եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր, երգահան՝ իր ֆիլմերից շատերի համար։
1914 թվականին Չիկագոյի ֆիլմարտադրող «Էսսենեյ» ընկերությունը Չապլինին համագործակցության առաջարկ է անում շաբաթական 1250 դոլար վարձատրությամբ, որից բացի պիտի ստանար նաև 10 հազար դոլար ամսական հավելավճար:
Ստուդիայում Չապլինը իր դերասանական թիմն է հավաքում և ակտիվ գործունեություն սկսում, որին հաջորդում է «Մյուչուալի» հետ պայմանագիրը՝ տարեկան 670 հազար դոլար արժողությամբ: Հաջորդը «First National»-ի հետ համագործակցությունն էր, որի հետ պայմանագրի ավարտից հետո Չապլինը նկարահանում է իր առաջին անկախ կինոնկարը՝ «Փարիզուհին»: Համագործակցությունների արդյունքում Չապլինը շատ կարճ ժամանակում միլիոնատեր է դառնում:
1952 թվականին Չապլինը վերադառնում է Լոնդոն, որտեղ պիտի ներկայացներ իր կյանքի մասին պատմող «Բեմի լույսերը» ֆիլմը և նրան թույլ չեն տալիս վերադառնալ Միացյալ Նահանգներ: Հակառակ նրան, որ նա կարող էր դիմել և վերականգնել մուտքի թույլտվությունը, նա խզում է ԱՄՆ-ի հետ իր բոլոր կապերը:
Չապլինը մահանում է 1977 թվականին իր տանը: Նեղ շրջանակով կայացած թաղման արարողությանը դերասան Բոբ Հոուփը նշել է. «Մենք բախտավոր էինք, որ նրա ժամանակաշրջանում էինք ապրում»:
Չապլինին նվիրված հուշարձաններ կան Միացյալ թագավորությունում, Սլովակիայում, Լեհաստանում, Իռլանդիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում:
Հուրի Բաղդասարյան