«ՏԵՂՅԱԿ ՉԵՄ, ՈՐ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ 1 օր առաջ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանության բռնված Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել դիմակավոր անձանց կողմից:

 

Այս մասին ահազանգել են նրա պաշտպանները:

ArmLur.am-ը հետաքրքրվեց Սերգեյ Բագրատյանից՝ ինչ վերաբերմուն   ք ունի առ այն, որ իշխանության ներկայացուցչի հետ վիճաբանության բռնված քաղաքացուն ծեծի են ենթարկում, տեղյակ է արդյոք՝ ովքեր են քաղաքացուն ծեծի ենթարկած անձինք:

-Ես տեղյակ չեմ՝ ովքեր են, բայց փորձաքննություն եղե՞լ է, որ ծեծել են քաղաքացուն:

-Փաստաբաններն են ահազանգել, պարո՛ն Բագրատյան:

-Փաստաբաններն այդ պահին այնտեղ եղե՞լ են:

-Այդ պահին այնտեղ չեն եղել, բայց քաղաքացուն տեսակցել են ու ահազանգել: Ինչպե՞ս է ստացվում, որ հենց պատգամավորի հետ վիճաբանության բռնվելուն է հաջորդում այս միջադեպը:

-Ո՞վ է ներկա եղել, որ իշխանությունները կապ ունեն դրա հետ, որեւէ մեկը ներկա եղե՞լ է… Չգիտեմ, ես չեմ լսել այդ մասին:

 

ArmLur.am-ը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանից եւս հետաքրքրվեց՝ տեղյակ է արդյոք, ովքեր են ծեծի ենթարկածները, ինչպես ստացվեց, որ հենց իր հետ ընդհարումից մեկ օր անց քաղաքացուն ծեծել են.

«Ես երթուղայինում եմ, ձեզանից եմ լսում, որ ծեծի են ենթարկել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

 

«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին:

Նա գտնվում է ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում: 72 ժամվա ընթացքում պետք է նրան կա՛մ ազատ արձակեն, կա՛մ կալանավորեն, ինչի հիմքերը չկան:

Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երեւակայությունից:

Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ:

Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երեւանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձեւով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ:

2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը: Իհարկե, հետաքրքրվել են, թե ինչու է հեւում Սամվելը, սակայն անխռով տարել են նրան ժամանակավոր պահման վայր:

Տեղի ունեցածը «բեսպրեդել» է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձեւով վիրավորված լինի: Դրա համար կա քաղաքացիական օրենսգրքում նախատեսված պատժամիջոց:

Արդեն քաղաքացուն ձերբակալել են, խուլիգանության հոդվածը առաջադրել, ազատազրկել, բայց նաեւ ծեծի են ենթարկել շղթայված երիտասարդին, նսեմացրել նրա արժանապատվությունը:

Սա անթույլատրելի է, դատապարտելի եւ պետք է խստագույնս պատժվի:

Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համաշխարհային կառույցներին արդեն ուղարկել եմ գրություններ այս առիթով: Քաղաքացուն ուղեկցող ոստիկանները եւ զինված բանդան պե՛տք է պատժվեն»։

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 200

18.10.2018թ., ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես արդեն հայտնել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան»: Այնուհետեւ՝ 30.11.2018թ., նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հրազդանում հայտարարեց. «Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից»: Սակայն իրականում հենց իր խմբակցության ներսում կան գործարարներ, որոնք ուղիղ ազդում են իշխող ուժի որոշումների վրա: Բացի դրանից, օրինակ, Գուրգեն Արսենյանը բազմիցս հայտարարել է, որ. «մենք ընդունել ենք այս որոշումը կամ այն որոշումը»: Այսինքն՝ գործարար պատգամավորը խոստովանել է, որ ինքը, լինելով գործարար, մասնակից է կառավարական որոշումների կայացմանը: Բացի դրանից, «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, որ այսօր կա, օրինակ, մեկ այլ գործարար, որի մասին նախկինում ոչինչ հայտնի չէր, մեկ էլ հանկարծ լսում ենք՝ Նարեկ Նալբանդյան անուն ազգանունը, որը պետությունից «փակովի» տարբերակով գնում է նախկին ՊԵԿ նախագահի՝ պետությանը նվիրաբերած «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը: Հետո լսեցինք, որ նա գնել է նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ոսկեզօծ տունը՝ դարձյալ ամիս-ամիս «փակովի» տարբերակով: Նիկոլ Փաշինյանն էլ հաճախ հայտնվում է իր ստեղծած օլիգարխի այս կամ այն օբյեկտի բացման արարողությանը:

Բա ասում էիք՝ օլիգարխներ չկան այլեւս. այ՛ո, կա՛ն, բայց այլ դեմքերով:

 

 

 

ՆՎԻՐԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ

Ամստերդամում տեղի է ունեցել Սուրբ Հոգու հայկական եկեղեցուն նոր զանգի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Զանգը նվիրատվություն է Ուկրաինայի հայերի միության կողմից, հայտնում է AnalitikaUA-ն։

«Տեղի ունեցավ զանգի լվացման արարողությունը, որը վարեց տաճարի առաջնորդ Տեր Տարոն Թադեւոսյանը։ Ծեսը, որը նախորդում է զանգի օծման գործողությանը, խորհրդանշում է զանգի մաքրումն ու պատրաստումն օգտագործմանը։

Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, ՈՒՀՄ շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, ՈՒՀՄ Խերսոնի ղեկավար Տիգրան Մկրտչյանը: Մասնակցում էին նաեւ ՈՒՀՄ ակտիվիստներ Արսեն Մելքումյանը՝ Ուժգորոդից եւ Լեւոն Ղուլյանը՝ Օդեսաից։ Միջոցառումը տեղի ունեցավ Ամստերդամի հայկական համայնքի անդամների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միությունը ջանքեր է գործադրում ամբողջ աշխարհում հայկական մշակույթը պահպանելու եւ հանրահռչակելու համար։ Ուստի, Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգի փոխանցումը կարեւոր իրադարձություն է ոչ միայն տեղի համայնքի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար։

 

 




Լրահոս