Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ArmLur.am-ին պատմեց, որ այս պահին ինչ-որ անձինք են եկել ու Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից սահմանամերձ հատվածում փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, գյուղի բնակիչները գնացել են ու փորձում են միջամտել.
«Չափագրումները երեկ կասեցվել էին, իշխանությունների հետ գյուղացիները պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ ոչինչ չի արվելու, մինչև գյուղապետերը հանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ ու հարցերին պատասխան տա, բայց հիմա եկել ու ականազերծում են անում եկեղեցու հարակից սահմանամերձ հատվածում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Սուրեն Պետրոսյանը նաև պատմեց, որ ամբողջ գիշեր միջպետական ճանապարհը փակ է եղել, քաղաքացիները դրսում են գիշերել.
«Կանայք, երեխաներ, տարեցներ գիշերը խարույկի շուրջ են անցկացրել՝ զրուցելով, իրար հետ քննարկելով, իրար ուժ տալով: Դասադուլ, գործադուլ են ոմանք հայտարարել»,-ասաց նա:
Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ ճանապարհը փակ են պահելու մինչև գյուղապետերը հանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ, դրանից հետո նոր կորոշեն հետագա քայլերը:
Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը տեղի կունենա Երևանում, քանի որ վերջինս հրաժարվել է գնալ Տավուշ:
Քրիստինա Մուշեղյան