ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի՝ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների, ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ։

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Ս.-ն, մի խումբ անձանց հետ, մասնակից է դարձել զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջինիս կազմում Ա.Ս.-ն, քննությամբ դեռեւս չպարզված աղբյուրից, նախապես տեղեկացել է ՌԴ-ում բնակվող անձին պատկանող, առանձնապես խոշոր չափի՝ 1.024.000.000 ՀՀ դրամ արժողությամբ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 1.216.000.000 ՀՀ դրամին համարժեք 293.000.000 ՌԴ ռուբլի գումարը մեկ այլ անձի՝ Դ.Ի.-ի կողմից 2024թ. ապրիլի 10-ին ՌԴ-ից «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ տեղափոխելու մտադրության մասին։ Հանցավոր կազմակերպության մի շարք անդամների հետ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով՝ հափշտակելու նպատակով նախապես պլանավորել եւ հստակ դերաբաշխել են հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները:

Հանցավոր մտադրությունն իրագործելու, մասնակիցների հնարավոր շարժը քողարկելու եւ չբացահայտվելու նպատակով Ա.Ս.-ն եւ հանցավոր կազմակերպության մյուս անդամները 2024 թ. ապրիլի 10-ին Երեւան քաղաքի փողոցներից մեկում կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրայից հափշտակել են պետհամարանիշները, այն ամրացրել են իրենց կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրա եւ ընթացել «Զվարթնոց» օդանավակայանի ուղղությամբ՝ դարանակալելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խաչմերուկներից մեկում:

Դ.Ի.-ի՝ ՀՀ ժամանելու փաստը հաստատելու եւ փաստաթղթային ստուգումներն ավարտելու մասին հանցակիցներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով՝ կազմակերպության անդամներից մեկը նույն օրը՝ ժամը 07։03-ից մինչեւ 07։13-ն ընկած ժամանակահատվածում, գտնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում։ Տեղեկանալով օդանավի վայրէջք կատարելու ժամի մասին եւ օդանավակայանից «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի ուղղությամբ Դ.Ի.-ի ընթանալու մասին՝ տեղեկացրել է հանցակիցներին։

Վերջիններս «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ դիմացի աջ դռան պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Այնուհետեւ, հանցավոր կազմակերպության անդամները գնացել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող հանքի տարածք, ավտոմեքենայով բարձրացել են բլուրների մոտ, որտեղ «Պորշ» մակնիշի ավտոմեքենան թաքցնելու նպատակով, այն կայանել են բլրի մեջ տեխնիկայի միջոցով նախապես իրենց հրահանգով փորված անցքի մեջ, եւ նույն տեխնիկայով ավտոմեքենան ամբողջությամբ ծածկել են հողով՝ քողարկելով այն։ Այդ ընթացքում հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, անջատել է տարածքը տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների հիշողության կրիչի պարունակությամբ սարքը: Այնուհետեւ, հանցավոր կազմակերպության անդամները հանքի տարածքում գտնվող տարբեր ավտոմեքենաներով դիմել են փախուստի։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել, եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Նախաքննության ընթացքում կատարված մի շարք խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը։

 

 

 

 

ՉԻ ՎԵՐԱՀՍԿԵԼ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Լորիկ Բադիրյանին մեղադրանք է առաջադրվել աշխատանքի նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լ. Բադիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականից զբաղեցնելով Վազաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով Վազաշեն համայնքի հաշվապահական հաշվառումը կազմակերպելու եւ ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար, օժտված լինելով ֆինանսական եւ հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերում առաջին կարգի ստորագրության իրավունքով, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել իր պարտականությունները՝ համայնքի հաշվապահ Սեւակ Ղազարյանի նկատմամբ ունեցած վստահությունից ելնելով, ֆինանսատնտեսական գործառույթներն իրականացնելու նպատակով, վերջինիս է փոխանցել իր նույնականացման քարտը, որից հետո չի վերահսկել հաշվապահի կողմից կատարված գործարքների իսկությունը, որպիսի պայմաններում էլ, Սեւակ Ղազարյանը, օգտվելով վերահսկողության բացակայությունից, 2019 թվականի հունվարի 29-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում, նյութական շահ ստանալու դիտավորությամբ, համայնքապետարանի անվամբ գործող 900370000532 բանկային հաշվեհամարից իր անձնական բանկային հաշվահամարներին է փոխանցել ընդհանուր 32.810.019 ՀՀ դրամ, որից 5.430.000 ՀՀ դրամը հանդիսացել է նույն ժամանակահատվածում նրա օրինական վարձատրության գումարը, որից հետո տարբեր օրերի այլ անձանց բանկային քարտերին փոխանցումներ կատարելու միջոցով հիշյալ գումարը կանխիկացրել եւ յուրացրել է։

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ՝ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեւան քաղաքում` երթուղային տրանսպորտում, ապրիլի 15-ին տեղի ունեցած առերեւույթ խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս.Վ.-ն Երեւան քաղաքի Քրիստափոր-Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հակոբ Ասլանյանին։

Հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տեսագրելու եւ տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ եւ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին եւ նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն եւ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, ինչպես նաեւ հասարակության նկատմամբ անհարգալից` իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրեւորելելով, կատարել է խուլիգանություն։

Մասնավորապես՝ Ս. Վ.-ն Հակոբ Ասլանյանի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ եւ, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով եւ անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը՝ շարունակելով վիճաբանությունը նաեւ իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները նրանով, որ Հ. Ասլանյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր: Արդյունքում՝ երթուղային ավտոբուսի վարորդը Երեւան քաղաքի Խանջյան-Բյուզանդ փողոցների հատման հատվածում ստիպված դադարեցրել է երթեւեկությունը եւ պահանջել դուրս գալ երթուղայինից։ Այդ կերպ Ս. Վ.-ն խոչընդոտել է հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքին: Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Երեւանի 30-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում եւ նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով եւ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Դատարանի որոշմամբ Ս. Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը եւ գրավը՝ 7մլն դրամի չափով. ի դեպ, գրավի առնչությամբ երեկ դրամահավաք է սկսվել՝ Սամվել Վարդանյանին ազատ արձակելու համար:

 

 

 




Լրահոս