ՀՀ-ԵՄ հարաբերությունները մտել են զարգացման նոր փուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին: «Վերջին շրջանում մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ մտել են զարգացման նոր փուլ: Դրա արդյունքում էլ մենք նոր թափ ենք հաղորդել մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է վարչապետը՝ ողջունելով հյուրին կառավարությունում: Կառավարության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Քեթրին Էշթոնը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից: Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է, որ քաջ գիտակցում է, թե ինչ ծավալի աշխատանք է իրականացնում Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի եւ Ասոցացաման համաձայնագրերի ուղղությամբ: Նշելով, որ տպավորված են տարբեր ուղղություններում Հայաստանի ձեռք բերած առաջաընթացով՝ Քեթրին Էշթոնն ընդգծել է, որ կան բոլոր նախադրյալները՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սավելի խորացման եւ սերտացման համար: «Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար, որին էապես կարող է նապստել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունների գործընթացն առաջիկայում կմտնի նոր փուլ»,- ընդգծել է Քեթրին Էշթոնը:  Այնուհետեւ, Տիգրան Սարգսյանը Քեթրին Էշթոնին է ներկայացրել կառավարության առաջնահերթությունները եւ իրականացվող աշխատանքների ընթացքը՝ մեր երկրում միջին խավի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման, եվրոպական արժեքների ներդրման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ այլ հարցերի:




Լրահոս