Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբեն Վարդանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. «Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել իրեն եւ Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին»։

 

Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին եւ արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի եւ նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչեւ մայիս:

Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին  եւ Արցախի Հանրապետության  եւս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների  առաջադրվել են շինծու մեղադրանքներ՝ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկյալներ են։

«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ եւ վիճակով:  Ավելի քան 200 օր մենք  չենք  տեսել  նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ  որդին։

Վարդանյանի հացադուլը համընկնում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հետ՝ ցույց տալով, թե ինչպես են հայերը շարունակում ենթարկվել էթնիկ զտումների եւ մինչեւ օրս դառնում հետապնդման թիրախ։

Ռուբեն Վարդանյանը չորս երեխաների հայր է։ Նա նաեւ ազդեցիկ գործարար է, սոցիալական ձեռներեց ու բարերար: Ամբողջ աշխարհից իր գործընկերների հետ նա ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ներդրել տնտեսական զարգացման ոլորտում, մարդասիրական նախաձեռնություններում եւ համաշխարհային կրթական  ծրագրերում:

2022 թ. նոյեմբերից մինչեւ 2023 թ. փետրվարը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել: Նրա պահման պայմանները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Նրան սպասվում է դատավարություն, որը չի համապատասխանելու միջազգային չափանիշներին՝ հատկապես միջազգային դիտորդների համար դատավարության ու ընթացակարգերի մատչելիության առումով:

Ի լրումն դրա, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝  հարց առաջացնելով հատկապես նրա՝  քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։

«Ռուբենի եւ Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների եւ միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է, եւ  դրան պետք է վերջ դրվի: Այս ամբողջ իրադրության զավեշտն այն է, որ Ադրբեջանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը հյուրընկալելով, անամոթաբար փորձում է «մաքրագործել»  իր միջազգային համբավը։ COP-ը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության եւ մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մինչդեռ նրանք, ակնհայտորեն, երկուսն էլ չարաշահում են»,- ասել է  ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ Փոլ Փոլմանը։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է.

Մ Անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։

Մ Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում պետք է տեղի ունենան մինչեւ մայիսի՝ բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, եւ միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:

Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի եւ մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:

COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման:

 

 

 

ՏԵՎԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ

Մեծ յոթնյակի (G7) երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին տեւական խաղաղության հասնելու կոչ են արել եւ հայտարարել էսկալացիայի անթույլատրելիության մասին:

Այս մասին G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հայտարարություն են տարածել։

«Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին պահպանել լիակատար հանձնառությունը խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ եւ հարատեւ խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

G7-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ, արժանապատիվ եւ կայուն վերադարձի ապահովման համար:

Անդրադառնալով հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի եւ Թուրքիայի ջանքերին՝ G7-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել բացել երկու երկրների միջեւ սահմանները:

G7-ի երկրներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան։

 

 

 

ՊԱՏՎԻՐԱԿԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Արդարադատության միջազգային դատարանում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Շոն Մըրֆին ՄԱԿ-ի դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար սպառնալիք չէր հանդիսանում, ապա ինչո՞ւ 100 հազարից ավել մարդ նախորդ տարվա սեպտեմբերին լքեցին իրենց նախնիների տները։

Նա իր ելույթում նշել է, որ դատական գործի շրջանակներում առկա ապացույցներն ուսումնասիրելով՝ ադրբեջանական ներկայացուցիչները, զարմանալիորեն, չեն կարողանում տեսնել հայ քաղաքացիական անձանց նկատմամբ ռասսայական խտրականությունը հաստատող ապացույցները։

Մըրֆին նշել է. «Ես չեմ քննի նախագահ Ալիեւի բոլոր այն հայտարարությունները, սակայն, օրինակ Ադրբեջանը պնդում էր, որ նախագահ Ալիեւի հայտարարությունը, թե իրենց հիմնական թշնամիները աշխարհի հայերն են, ռասսայական թշնամանքի դրսեւորում չէ։ Ադրբեջանը պնդում է, որ այս արտահայտությունը բարեհաճորեն վերաբերում է Ադրբեջանին քննադատողներին կամ նրանց, ովքեր չեն սիրում Ադրբեջանը: Բայց աշխարհի հայեր արտահայտությունը, անշուշտ, չի վերաբերում կոնկրետ երկրի կամ կոնկրետ երկրի ղեկավարությանն ու նրա բանակին: Արտահայտությունն ակնհայտորեն վերաբերում է մի ամբողջ էթնիկ խմբի՝ աշխարհում որտեղ էլ որ լինի»։

Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր առմամբ քարոզում եւ ատելություն է տարածում էթնիկ հայերի նկատմամբ. «Եթե Ադրբեջանը սպառնալիք չի հանդիսանում, ապա ինչո՞ւ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100.000 էթնիկ հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մի քանի օրվա ընթացքում փախան իրենց պապենական հայրենիքից»:

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում՝ Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ. Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է՝ հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձեւակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի միջեւ մինչեւ 2024 թ. մայիսի 15-ը:

Համաձայնել են, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա եւ զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաեւ տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում: Պայմանավորվել են՝ կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունը եւ շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցերով:

 

 




Լրահոս