ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020թ. նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը:

Կատարված բազմաթիվ քննչական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ եղբայրներ Ս.Ի-ն եւ Դ.Ի-ն 2020թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնությունը հրապարակվելուց հետո ՀՀ կառավարության շենքի մոտ բազմություն է հավաքվել եւ կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել են նշված վայր ու միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին:
Մասնավորապես՝ Ս.Ի-ն եւ Դ.Ի-ն, զանգվածային անկարգության մյուս մասնակիցների հետ հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքի դռանը, որից հետո, Ս.Ի-ն, լրացնելով այլ անձանց գործողությունները, ոտքերով մի քանի անգամ հարվածել է ՀՀ կառավարության շենքի մուտքի դռանը, ինչի հետեւանքով այն նախ վնասվել, ապա բացվել է: Դրանից հետո, Ս.Ի-ն եւ Դ.Ի-ն, զանգվածային անկարգության այլ մասնակիցների հետ ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք, որտեղ շարունակել են ջարդերով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգությունները։ Արդյունքում ջարդվել են կառավարության անդամների եւ աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել եւ ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական եւ մասնավոր գույքը։ Այդ ամենով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել հասարակական անվտանգությունը:
Մասնավորապես՝ Ս.Ի.-ն, Դ.Ի.-ի եւ զանգվածային անկարգության այլ մասնակիցների հետ բարձրանալով շենքի 3-րդ հարկ, վնասելու դիտավորությամբ ցատկել եւ ոտքով մեկ անգամ հարվածել է «Կարմիր դահլիճ» անվանումով սրահի մուտքի երկփեղկ դռներին, այնուհետեւ մոտենալով նույն հարկում տեղակայված աշխատասենյակի ընդունարանի պատին ամրացված ցուցանակին՝ քաշել եւ պոկել է այն, թքել դրա վրա, գցել գետնին եւ ոտքերով հարվածելով վնասել այն, որից հետո հանցակիցների, այդ թվում՝ Դ.Ի.-ի հետ մուտք է գործել նույն հարկում գտնվող «Սպիտակ դահլիճ» անվանումը կրող սրահ եւ վնասելու դիտավորությամբ ոտքով հարվածել է սրահում գտնվող փակ դռներից մեկին:
Այնուհետեւ Ս.Ի.-ն փորձել է քաշելով պոկել ՀՀ կառավարության շենքի աշխատասենյակների ցուցանակները, սակայն տեսնելով, որ չի կարողանում, վերցրել է պատին ամրացված կրակմարիչը, այլ անձանց, այդ թվում՝ Դ.Ի.-ի հետ դրանով հարվածելու եւ ձեռքով քաշելու միջոցով պատից պոկել եւ գետնին են գցել ցուցանակները՝ վնասելով դրանք:
Բացի դրանից, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, եւ Դ?Ի.-ն իր հերթին՝ առանձին, հաստատապես գիտակցելով իրենց գործողությունների բացահայտ բնույթը եւ ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, հափշտակել են ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ՀՀ դրոշներ:
Նկարագրված արարքները կատարելու համար Ս.Ի.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Դ.Ի.-ի նկատմամբ՝ նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հետախուզման մեջ գտնվող Ս.Ի.-ն հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Դ.Ի-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Մինչ օրս 2020 թ. նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով դատարան է ուղարկվել 39 անձանց վերաբերյալ քրեական վարույթ:

12 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ամփոփվել են 2024թ. 3 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ այդ թվում նաեւ հանցագործությամբ պետությանը, համայնքներին, քաղաքացիական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասների հայտնաբերման եւ վերականգնման ուղղությամբ: Պարզվել է, որ 2024թ. առաջին եռամսյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով բացահայտված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 6.246.018.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 5.043.265.000 ՀՀ դրամը կամ 80.7%-ը:
Մասնավորապես՝
Պետությանը պատճառված վնասը կազմել է 5.367.598.000 ՀՀ դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 4.908.355.000 ՀՀ դրամը կամ 91.4%-ը: Համայնքին պատճառված 9.840.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 2.630.000 ՀՀ դրամը կամ 26.7%-ը:
Իրավաբանական անձանց պատճառված 216.987.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 50.873.000 ՀՀ դրամը կամ 23.4%-ը:
Ֆիզիկական անձանց պատճառված 651.593.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 81.407.000 ՀՀ դրամը կամ 12.4%-ը:

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՂԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Պարույր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չհանդիսանալով փաստաբան եւ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, չունենալով փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրին կից Երեւանի Հր. Ներսիսյան 10/5 հասցեւոմ գտնվող մեկ հարկանի շենքին փակցրել է գովազդային վահանակ «Օմերտա» փաստաբանական գրասենյակ անվամբ, ինչպես նաեւ փաստաբանի կարգավիճակ չունենալով, «Փաստաբանության մասին» օրենքի եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտմամբ հիմնել է «Օմերտա փաստաբանական գրասենյակ» անվանումը կրող ՍՊ ընկերությունը, որի անվան ներքո խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ներգրավելով հաճախորդների կատարել է մանր եւ խոշոր չափերի խարդախություններ:

ՄԻԵԴ-ՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցանկը.
. Վահե Գրիգորյան՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահ
. Նորա Կարապետյան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ
. Վիգեն Քոչարյան՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՄԵՔԵՆԱ Է ԿՈՂԱՇՐՋՎԵԼ
Ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Շուշանիկ Բ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կամո փողոցում դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել է աջ գոտում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետեւանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն, այնուհետեւ քաղաքացիների ու պարեկների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան:
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձեւակերպվում, որտեղ պարզվում է կայանված «Mercedes»-ի վարորդի ինքնությունը:
«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մ. ԱՍԼԱՆՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր որոշեց մերժել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ երեկ ներկայացված միջնորդությունը:
«Քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը, որ 2 տարի 4 ամիս է՝ գտնվում է անազատության մեջ, դեռ 2021 թվականից, շարունակելու է մնալ կալանավորված»,- այսօր վաղ առավոտյան ուղիղ եթերով հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանի խոսքով, Ասլանյանի պաշտպանները երեկ նախկին քաղաքապետին ազատ արձակվելու միջնորդություն ներկայացրին, քանի որ գործով 30 վկայի հարցաքննությունն ավարտվեց: Իրավապաշտպանը հիշեցրեց, որ դատարանի որոշմամբ՝ Ասլանյանը շարունակում էր մնալ անազատության մեջ. «Բոլոր երեսուն վկաներին լսել են, ակնհայտ է, որ անազատության մեջ պահելու հիմքը վերացել է, մարդուն պետք է ազատ արձակեն, բայց չէ, դատարանը հիմա էլ որոշում է՝ եւս 7 վկա պետք է հարցաքննի, բայց այս հանգամանքը հիմք ընդունել, ասել՝ չէ հիմա էլ այս 7 վկայի վրա կարող է ազդեցություն թողնել, չեղավ, սա տպավորություն կարող է ստեղծել, որ այս 7 վկան ոչ թե ճշմարտությունը բացահայտելու համար հայտնվեցին դատական գործում, այլ որ արհեստական հիմք ստեղծվի Ասլանյանին անազատության մեջ պահելու համար»:




Լրահոս