Լուսանկարը՝ համացանցից
Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ օրերս Փարիզի 9-րդ թաղամասի Նավարեն 22 փողոցում բացվեց հուշատախտակ՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին։ 1939-1956թթ. ընթացքում Փարիզի Մոնմարտր պատմական այս թաղամասում է Շառլ Ազնավուրն անցկացրել իր մանկությունը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Անչափահասին կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:
Ջենյա Օհանյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն):
Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման պետական գրանցման համար, եւ որքան է կազմում պետական տուրքի դրույքաչափը: Խնդրում եմ նաեւ տեղեկացնել, թե ինչ ժամկետում է կատարվում որդեգրման պետական գրանցումը:
Մարինե Ամրոյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ որդեգրման գրանցման համար պահանտվում է ներկայացնել՝
1) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները),
2) դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը,
3) երեխայի ծննդյան ակտային գրանցման տեղեկանքը կամ ծննդի պետական վկայականը,
4) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի միջոցով:
Միաժամանակ հայտնում ենք, որ որդեգրման պետական գրանցումը կատարվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը: Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որդեգրման պետական գրանցման՝ ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում։
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ որդեգրման պետական գրանցման համար հիմք է դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը: Որդեգրման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել որդեգրողի (որդեգրողների) կամ նրա լիազորած անձի միջոցով: Որդեգրման պետական գրանցումը կատարում է ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով: