«ՈՉՆՉԱՑՆԵ՛Լ «ՀԱՆՑԱՆՔԻ ԳՈՐԾԻՔ» ՀՈՎԱՆՈՑԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա հովանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել. ոչնչացնել ապացույցը` հովանոցը:

2023 թվականի ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք այց էր կատարել: Մալիշկա բնակավայրում ժամը 13:15-ի սահմաններում նոր կառուցված 8-րդ, 14-րդ եւ Կենտրոնական փողոցների խաչմերուկին նրան էր մոտեցել 48-ամյա մի կին։ Վերջինս 48-ամյա Նարինե Ասատրյանն էր, որը Քաշաթաղի շրջանից տեղահանվածներից է. նա թշնամուն հանձնված Քարեգահի գյուղի բնակիչներից է, բազմազավակ մայր։
Արդյունքում՝ Նարինեն Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հովանոց էր նետել՝ այդպիսով իր բողոքն արտահայտելու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ:
«Իհարկե, այն ամենի համար, ինչ արել եմ՝ չեմ փոշմանել, ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ինքս հանգիստ ու համբերատար բնավորություն ունեմ, բայց եթե հարցը վերաբերում է իմ հայրենիքին, ինձնից չար մարդ չի լինում. այո՛, ինչ ասել եմ՝ իմ խոսքի տերն եմ»,- նշել էր Նարինե Ասատրյանը։
Նա վստահ է, որ եթե բոլորն իրենց դժգոհությունն արտահայտեին այն քաղաքականության դեմ, որը վարում էր օրվա իշխանությունը, ապա Արցախն այսօր ամբողջովին Ադրբեջանի կողմից չէր օկուպացվի։
«Ես, մեր Բերձորից սկսած, մինչեւ հիմա պայքարում եմ։ Երբ Բերձորը պիտի հանձնեին թշնամուն, Վիտալի Բալասանյանը եկել էր այնտեղ, նույն բախտին էլ ինքն է արժանացել՝ ուղղակի ռուսները խանգարեցին։ Ես մտածելու որեւէ բան չունեմ, իրենք թող մտածեն»,- նշել էր մեր զրուցակիցը։
Կատարվածից հետո գործի անցան իրավապահները։ ՀՀ քննչական կոմիտեն Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպից հետո Նարինե Ասատրյանին մեղադրանք էր առաջադրել՝ Քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 2-5 տարի: Նախաքննության ավարտից հետո քրեական գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։
Արդյունքում, շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո՝ այս տարվա ապրիլի 16-ին, դատավոր Միքայել Գրիգորյանը կայացրել է որոշում:
Նարինե Նորիկի Ասատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ նախատեսված հանցանքի կատարման մեջ, եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։
Նարինե Ասատրյանին, պարտավորեցնելով՝ առանց դատապարտյալի, վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի որոշման համաձայն՝ թույլ չտալ լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, բնակության վայրը փոխելու դեպքում՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:
Նարինե Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ Նարինե Ասատրյանի` ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը վերացնել։
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ Նարինե Նորիկի Ասատրյանի անձնական խուզարկությամբ վերցված բալագույն հովանոցը ոչնչացնել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ՝ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին նախարարից բռնագանձել ԱՄՆ-ում գտնվող բնակելի տարածքը, Երեւանի կենտրոնում գտնվող անշարժ գույքը եւ դրամական միջոցներ:

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝
l 1 անշարժ գույք Երեւանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ.
l ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ.
l 255 մլն 454 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
l 172 մլն 486 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի եւ/կամ հնարավոր չէ նույնականացնել՝ բռնագանձումը տարածելով նաեւ համատեղ կյանքի ընթացքում Լ.Գ.-ի անվամբ առեւտրային բանկերում առկա դրամական միջոցների, գույքերի վրա:

ԱՊՕՐԻՆԻ ԴԵՂՈՐԱՅՔ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք:
Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերության Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքներից մեկի պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երեւան ուղեւորվող գնացքի երթուղով, պարբերաբար, Հայաստանի Հանրապետություն է տեղափոխում մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։
Օպերատիվ տվյալներն իրացնելիս ՊԵԿ աշխատակիցները Երեւանի Սասունցի Դավիթ կայարանի մուտքի մոտ` ավտոկայանատեղիում, մոտեցել են քաղաքացի Գ. Կ.-ին, որն այդ պահին փորձել է իր մեքենայի բեռնախցիկում տեղավորել «Հարավկովկասյան Երկաթուղի» ընկերությանը պատկանող գնացքով, իր իսկ կողմից ներմուծած՝ շուրջ 25 կիլոգրամ քաշով, երկու մեծ սեւ պոլիէթիլենային տոպրակ: Գ. Կ-ն հրավիրվել է ՊԵԿ ՄԴՊ վարչություն, որտեղ ներկայացրել է իր ձեռքի պոլիէթիլենային տոպրակներում առկա ապրանքները:
Ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ ամբողջը դեղորայք է եղել։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն։
Մեկ այլ դեպքով, ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ քաղաքացի Դ. Ս.-ն, իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով, մաքսային հսկողությունից թաքցնելով, Վրաստանից Հայաստան է տեղափոխում դեղորայք:
Հիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս ՄԴՊ վարչության աշխատակիցները, Դ. Ս.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը Վրաստանից ժամանելուց հետո՝ ուղեկցել են «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» փակ բաժնետիրական ընկերության մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում՝ տվյալ տրանսպորտային միջոցի դռների եւ բեռնախցիկում առկա գազաբալոնային համակարգի միջից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, ընդհանուր 24 կիլոգրամ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ:
Կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության ՊԵԿ իրավաբանական վարչություն:




Լրահոս