ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուշիի ազատագրման, «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության նախապատրաստման աշխատանքներում մեծ դերակատարում ունեցող ռազմական գործիչ Արկադի Տեր-Թադեւոսյանը մայիսի 22-ին կդառնար 85 տարեկան:

Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը ծնվել է Հայոց Ցեղասպանությունից հետո Անիի մայր տաճարի դիմաց՝ Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում հաստատված, ապա աքսորից խուսափելու համար Թիֆլիսում հաստատված Տեր հոր ընտանիքում:
Ավարտելով Բաքվի զինվորական ուսումնարանն ու Լենինգրադի տրանսպորտի եւ թիկունքի ռազմական ակադեմիան՝ Կոմանդոսը նախ ծառայության է անցնում Գյումրիում, հետո՝ Երեւանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի պետ։
Կոմանդոս անունով հայտնի զինվորականն իր ծառայությունը ԽՍՀՄ բանակում անցել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում եւ Բելառուսում: Արցախյան շարժման տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների մարզման գործում։
1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ եւ մեկ տարի անց նշանակվել Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Կոմանդոսի հրամանատարությամբ իրականացված ռազմական գործողության շնորհիվ ազատագրում են ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին Արկադի Տեր-Թադեւոսյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշիի ազատագրման՝ «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության նախապատրաստման աշխատանքներին:
Կոմանդոս անունով Արկադի Տեր-Թադեւոսյանին կոչել են զինակից ընկերները Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ։ Տեր-Թադեւոսյանին կոչել են նաեւ «Լեռնային աղվես»։ Այս անունը կապված է գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում գյուղերը պաշտպանելիս։ Պատմում են, որ Կոմանդոսը, լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ, կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում։
Իր կյանքի ընթացքում ունեցած ռազմական գործողությունների համար պարգեւատրվել է առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Հայաստանի զինված ուժերի ստեղծման եւ կայացման, հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար 2021 թվականի մայիսի 8-ին հետմահու պարգեւատրվել է «Հայրենիքի» շքանշանով:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՆՈՐ ՇՈՒՆՉ՝ ՎԱՆԱՁԱՐԻ ԴՊՐՈՑԻՆ
Վերաբացման պաշտոնական արարողությանը մասնակցել են գեղարվեստի դպրոցի բարերար Գուրգեն Եկարեանը, Գուգարաց թեմի առաջնորդը, Լոռու մարզպետը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը, ինչպես նաեւ բարձրաստիճան հյուրեր ու ներկայացուցիչներ Հայաստանից ու ԱՄՆ-ից։

«Աստված օրհնել է այս կառույցը, օրհնել է մեր երիտասարդներին ու փոքրիկներին, որպեսզի գալով այստեղ՝ կրթություն ստանան, հոգեմտավոր զարգացում ունենան եւ վաղվա Հայաստանի ապագայի համար իրենց ծիլերը տան։ Շնորհակալ ենք Հայ օգնության ֆոնդի ողջ անձնակազմին՝ իրենց ներդրումը Հայաստան աշխարհում եւ ի մասնավորի՝ Վանաձոր քաղաքում ունենալու համար։ Այլեւս ընդունայն է այս կառույցը, ձեր ջանքն ու եռանդը», – ողջույնի ու օրհնանքի խոսքում նշել է Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
«Ավելի լավ ու ավելի գեղեցիկ նվեր Վանաձոր համայնքին ու տեղի արվեստասեր երեխաներին հնարավոր չէր անել, որն իրականացվեց ընդամենը մեկ տարում։ Սա Հայ օգնության ֆոնդի հերթական, բայց շատ կարեւոր ծրագիրն է, որն իր տրամաբանական ավարտին է մոտենում։ Մենք շատ հպարտ ենք, որ հիսունականներին կառուցված ու երբեւէ չվերանորոգված, մեկհարկանի ու վատթար վիճակում գտնվող շենքն այլեւս պատմություն է։ Այժմ մենք ունենք վերակառուցված երկհարկանի դպրոց՝ ամբողջովին կահավորված ու հագեցած անհրաժեշտ պարագաներով, որը հնարավորություն կտա այստեղ ուսանող երեխաներին՝ արդեն կրկնակի շատ, ավելի քան 200 աշակերտներին, իրենց տաղանդը բացահայտելու գեղարվեստի ոլորտում։ Շնորհակալ ենք բոլորին եւ հատկապես՝ բարերար պարոն Գուրգեն Եկարեանին, որը մեծ սիրով համաձայնեց ստանձնել գեղարվեստի դպրոցը վերակառուցելու պատասխանատվությունն ու իր աջակցությունը տրամադրեց», – ասել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նույնպես շնորհավորել է վանաձորցիներին հերթական նշանակալի իրադարձությունը տոնելու համար՝ շեշտելով, որ դպրոցի վերակառուցումը ավելին է, քան բարեգործությունը։ «Դուք նոր շունչ եք հաղորդել կրթամշակութային մի օջախի, որն ունի ավելի քան 65 տարվա փառավոր պատմություն։ Նկարիչների եւ քանդակագործների այս պահանգը, որն այսօր ունենք, պարտական ենք հենց այս դպրոցին ու նրա նվիրյալներին։ Մաղթում եմ, որ այստեղ ուսանող աշակերտները լինեն հայրենասեր ու ծառայեցնեն իրենց գործունեությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»։
Պաշտոնական արարողությունից հետո պատվավոր հյուրերը ծառ են տնկել դպրոցի այգում, այնուհետ շրջել են դպրոցի սենյակներով, ծանոթացել իրականացված աշխատանքներին։

Ա. ԽԱՆՋՅԱՆԻ ԱՄԱՌԱՆՈՑԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին է դիմել «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Վարազդատ Ներսիսյանի, եւ հայտնել է, որ այդ ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800 քմ մակերեսով հողամասում է գտնվում 1936թ.-ին կառուցված՝ Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը, որը ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշման համաձայն՝ ընդգրկված է Տավուշի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։ Այդ շենքը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաշվառված է որպես ինքնակամ շինություն, վթարային է եւ գտնվում է կիսավեր վիճակում։ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ընկերությունը, կարեւորելով հուշարձանների պահպանման եւ վերականգնման անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել ընկերության սեփականությունը հանդիսացող 2800քմ հողամասը, այնտեղ առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման եւ սպասարկման նպատակով, որպես սեփականություն անհատույց փոխանցել (նվիրել) Դիլիջան համայնքին։ Համայնքի ավագանին 2023թ. նոյեմբերի 2-ի նիստում քվեարկությամբ հավանություն է տվել նշված՝ 2800 քմ հողամասը ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Այժմ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն նորից դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը (շինության ավարտվածության աստիճանը 50-80%) հիմնանորոգման եւ որպես թանգարան վերակառուցելու նպատակով՝ անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ իրենց տրամադրելու խնդրանքով։ Համայնքի ավագանին 2024թ. մայիսի 10-ի՝ թիվ 695-Ա որոշմամբ համաձայնություն է տվել վերոհիշյալ 2800 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով՝ Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը հիմնանորոգման եւ որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։ «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի ինտերնետային կայքում որպես այդ ընկերության հիմնադիր՝ նշված է Դիլիջանում ծնված, Շվեյցարիայում ապրող Մարետա Գեւորկյանը, որը որպես միանձնյա ձեռնարկատեր, տիրապետում է Հայաստանում գործող Evocabank-ի բաժնետոմսերի 100%-ին։ Կես տարում ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ անցած տարվա նոյեմբերին նշված 2800 քմ հողամասը եւ դրանում 966.83 քմ մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը համայնքին նվիրաբերած «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն փոշմանեց եւ Խանջյանի ամառանոցի շենքը համայնքից հետ վերցրեց՝ որպես թանգարան վերակառուցելու նպատակով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս