Հակոբ Սիմիդյանի եկամուտներն ավելացել են․ ինչով է զբաղվում նախկինում նախարարին պատկանող ընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե 3 տարի ղեկավարելով Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Հակոբ Սիմիդյանը զգալի ավելացրել է սեփական եկամուտները։
2021 թվականի դեկտեմբերի 10-ից ստանձնել է նախարարաի պարտականությունները և  առ այսօր ստացել տարեկան 20 մլն դրամ, սակայն այս տարի 2023 թվականի հայտարարատու տարվա եկամուտների, գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրում Սիմիդյանի աշխատանքի վարձատրությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից կազմել է 21 մլն 323 հազար դրամ։ Նախորդ տարվա հայտարարագրում աշխատանքի վարձատրությունը կազմել է 20 մլն 676 հազար դրամ։
Ստացվում է, որ մեկ տարում Շրջակա միջավայրի նախարարի աշխատանքի վարձատրությունը ավելացել է գրեթե 647 հազար դրամով։
Նախարարի կանխիկ դրամական միջոցները կազմել է 500 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 931 հազար դրամ։

Հակոբ Սիմիդյանը ամուսնացած է, ունի 1 երեխա, սակայն հայտարարագրում համատեղ բնակվող անձանց մասին որևէ տեղեկություն չկա։
Հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող 1 անշարժ գույք՝ բնակարան է հայտարարագրվել։
Հակոբ Սիմիդյանը հայտարարագրել է 2013 թվականին գնված 1991 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենա, որը բոլոր հայտարարագրերում ներկայացված է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  5 մլն 757 հազար դրամ, որը դեռ 2022 թվականի հայտարարագրում առկա ՀայԷկոնոմ բանկից ստացված 8 մլն դրամ վարկի մնացորդն է։
Հակոբ Սիմիդյանը 2014 թվականից ստանձնել է «ԼԵ ՏԻՍԻՄ» ՍՊԸ-ի 30% բաժնեմասի կառավարումը, սակայն միայն 2023 թվականին հավատարմագրման է հանձնվել  «ՄԱԳՆԻՏ 2020» ՍՊԸ-ին։

Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ «ԼԵ ՏԻՍԻՄ» ՍՊԸ-ն զբաղվում է «Մեծածախ եվ մանրածախ առեվտուր. Ավտոմեքենաների եվ մոտոցիկլների նորոգում», առավել մանրամասն այն զբաղվում է այլ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում։ Իսկ «ՄԱԳՆԻՏ 2020» ՍՊԸ-ն զբաղվում է «ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում» գործունեությամբ։ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերությունը գրանցված է ոմն Կարեն Մարտիրոսյանի անունով։

Ընկերության տնօրենը «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի 50% բաժնետեր  Լևոն Գագիկի Սարգսյանն է։ Հավելենք, որ այս ընկերությունը տարածք է վարձակալել հայտնի Ծաղկի շուկայի կայանատեղիում։

Էմմա Միքայելյան 




Լրահոս