ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, իշխանությունները Հայոց եկեղեցու հարկման նախագիծ են մշակում, ինչը հատկապես արտահայտում է վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու դեմ առկա լարվածությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը նախագծի եւ եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունների մասին զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ:
-Տիկի՛ն Բաթոյան, օրեր առաջ հայտարարվեց, որ իշխանությունները քննարկում են եկեղեցին հարկելու նոր նախագիծ, որն արդեն ընթացքի մեջ է: Ինչու՞ հենց այս փուլում, երբ եկեղեցին իր դժգոհության ձայնը բարձրացրեց, նման մտադրություն առաջացավ:
-Նախ՝ եկեղեցին հարկելու մասին չէ խոսքը: Ծովինար Վարդանյանն իր ճեպազրույցում հայտնել է, որ խոսքը հստակ գույքի մասին է. անշարժ գույքերի, որոնք գուցե օգտագործվում են առեւտրային եւ տնտեսական նպատակներով, եւ այնպես, ինչպես որ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված բոլոր այլ կառույցներն են հարկվում, եթե դրանք իրականացնում են տնտեսական շահույթ հետապնդող գործունեություն եւ այդ դեպքում պետք է հասկանալ եւ վերանայել, դրա մասին է խոսքը: Իսկ հարցին՝ «ինչո՞ւ հիմա» պատասխանեմ՝ իսկ «ե՞րբ»…
-Խնդիրն այն է, որ ասես որոշակի ճնշման միջոց լինի, քանի որ գիտենք, թե հենց այս փուլում եկեղեցին ինչ գործընթացների մեջ է: Ինչո՞ւ հենց հիմա նման նախաձեռնությամբ հանդես եկավ իշխանությունը:
-Ես չեմ կարծում, որ օրենքի կիրարկումը ճնշում է քաղաքացու կամ կազմակերպության վրա, որովհետեւ օրենքին ենթարկվելը եւ օրենքով սահմանված կարգով գործելը, կարծում եմ, նորմալ է, եւ այդպես էլ պիտի լինի. դրա կիրարկումը ճնշում չեմ կարող համարել: Այնպես որ, ես այդ դիտարկման հետ համաձայն չեմ:
-Ինչո՞ւ մինչեւ հիմա նման նախաձեռնությամբ հանդես չէր գալիս ինշխանությունը:
-Մենք երբ էլ այս մասին քննարկումներ սկսեինք, միեւնույնն է պիտի հարց ծագեր՝ «ինչո՞ւ հիմա»: Նախ, եթե չեմ սխալվում, մենք որոշակի քննարկումներ արդեն իրականացրել ենք, որը վերաբերում է գործունեության որոշակի տեսակների: Այսինքն՝ այնպես չէ, որ ընդհանրապես նման քննարկում չի եղել, եւ այս խոսակցությունները հանրային տիրությում, համենայնդեպս, միշտ եղել են, եւ այնպես չէ, որ դա կապված է որեւէ այլ գործունեության կամ իրադարձության հետ: Բացի դրանից, մենք երբ էլ որեւէ քննարկում իրականացնենք, միշտ «ինչո՞ւ հիմա» հարցը ծագելու է, այնպես որ, չեմ կարծում, որ պետք է կապել դրանք իրար հետ:
-Տիկի՛ն Բաթոյան, տեսնում ենք, որ իշխանությունների կողմից հոգեւորականների, եկեղեցու վերաբերյալ շատ կոշտ հայտարարություններ են հնչում: Ինչո՞ւ են եկեղեցի-իշխանություն հարաբերությունները այս աստիճանի խաթարված:
-Ես ինքս կոշտ մեկնաբանությունների չեմ հանդիպել, բայց, կարծում եմ, եթե այդպիսին եղել են, դրանք եղել են համարժեք, այն գործունեությանը, որոնք իրականացնում են եկեղեցական որոշակի սպասավորներ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

ԼՐԱԳՐՈՂԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՓԱՐԻԶ
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը, որը Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում 1 ամսից ավել հացադուլ իրականացրեց, արդեն վերադարձել է Փարիզ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա պատմեց, որ օդանավակայանում միջադեպ է եղել. ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը չի ցանկացել, որ ինքը նույն ինքնաթիռով մեկնի.
«Երբ աշխատակցուհին հարցրեց՝ ինչու՞ չի ցանկանում, Մուրադ Փափազյանն ասաց, թե՝ կռիվ կարող է անեմ ինքնաթիռում, դրա համար. բայց դա անհնար էր, քանի որ ես քնած եմ եղել ողջ ճանապարհին: Ամեն դեպքում ես ուրիշ ինքնաթիռով եմ վերադառնում Փարիզ»,-ասաց նա:
Լեո Նիկոլյանի խոսքով՝ Փարիզի օդանավակայան հասնելուն պես 8 ոստիկան իրեն մոտեցել ու բերման են ենթարկել.
«Հենց հասա Փարիզ 8 ոստիկան՝ զինված, չգիտեմ՝ ում էին սպասում, երեւի Բեն Լադենին, մոտեցան ու հենց իմ աթոռով, քանի որ չեմ կարողանում քայլել, տարան ոստիկանություն:
Այնտեղ մնացի երկու օր, այդ ընթացքում նաեւ ինձ հիվանդանոց տարան, ու ազատ արձակեցին:
Հիմա Փարիզի իմ տանն եմ»,-պատմեց նա:
Հարցին, իսկ հացադուլը դադարեցնելու որոշում ունի՞, Լեո Նիկոլյանն ասաց, որ այսօր այդ մասով որոշում կկայացնի:
Հիշեցնենք` դեռ ապրիլի 23-ին ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին, «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո, թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նիկոլյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել օդանավակայանում։
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

ՉԽՈՍԵԼՈՒ ԾՈՄ Է ՊԱՀՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Երեկ ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ ձերբակալվածներին, որոնց, անհամաչափ ուժի կիրառմամբ, բերման են ենթարկել եւ պահում են Երեւանի ՁՊՎ-ում:
Մարդկանց ապօրինաբար զրկել են ազատությունից այն դեպքում, երբ նրանք ոչ մի հանցանք չեն գործել, անգամ տեսանյութերում փաստվում է դա:
Անընդունելի է պետության նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների, հատկապես՝ հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների նկատմամբ։
Ոստիկանության աշխատակիցները դաժանաբար ծեծել են Դանիել սարկավագին՝ բացականչելով «խփի՛, հայր սուրբ ա»։
«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում խախտվում է մարդկանց ազատ կամարտահայտման, հավաքների ազատության իրավունքները եւ նսեմացվում հոգեւորականի դերն ու արժանապատվությունը։
Ձերբակալվածներից Արթուր Հովհաննիսյանը խոսելու ծոմ է պահում արդեն արդեն 3 օր է: Նա ոչ ոքի հետ չէր խոսում՝ այդպիսով արտահայտելով իր դժգոհությունը ապօրինությունների վերաբերյալ:

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը:
Արարատ Միրզոյանը եւ Իլյա Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգային հարցերի:
Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Տավուշի եւ Լուռու մարզերում հեղեղումների հետեւանքները, աղետի գոտի ճանաչված համայնքներում իրականացվող աշխատանքները: Ի պատասխան՝ Վրաստանի ԱԳ նախարարը, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

ՀՀ ԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 6,5 ՏՈԿՈՍ
2023 թվականին Հայաստանի արդարադատության նախարարությունը պետբյուջեից ծախսել է գերատեսչությանը հատկացված 25 մլրդ 337 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Միջոցների իրացումը կազմել է 99,4%: Սա, ըստ նախարարի, 6,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։ «Արդարադատության նախարարությունն իրականացրել է 8 ծրագիր՝ 38 գործունեությամբ»,- հավելեց Հովհաննիսյանը։

ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի 5-րդ շարասյան գլխավոր դերակատարները Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներն են:
Այս մասին հայտարարել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
«5-րդ շարասյունը՝ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Արայիկ Հարությունյան. սրանք գլխավոր դերակատարներն են», – ասաց նա։
Իսկ թե ինչ կլինի նրանց ճակատագիրը ըստ նրա՝ Բաբայանը նշեց. «ՀԱԱԳԱ-ի դատարանի նման մի պրոցես են անցկացնելու. այդ ամբողջ մեղքը բարդեն այդ մարդկանց վրա, թե իրենք են այդ ժողովուրդներին իրար դեմ հանել 30 տարի եւ այլն։ Այն հոդվածները որոնցով նրանց պահում են Բաքվում, համաներման ենթական չեն, – նշեց Սամվել Բաբայանը։




Լրահոս