ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՏԱԿԱ՞ԶՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ թիմի ներսում առկա վերաբերմունքին բազմիցս ենք անդրադարձել՝ նշելով, որ Թորոսյանին, մեղմ ասած, յուրային չեն ընդունում, ու նա մնացել է մենակ իր պատգամավորական աթոռով եւ covid 19-ի ծախսերի մասով հարուցված քրեական գործերով: Մեր աղբյուրները հայտնում են, որ Թորոսյանը, օգտագործելով ՔՊ վարչության կազմում իր ներկայությունը, նորից սկսել է փորձեր անել՝ վերադառնալու իր նախորդ պաշտոնին` վարչապետի աշխատակազմի ղեկավարին: Ըստ ամենայնի՝ նա չի հարմարվում ներկայիս կարգավիճակին եւ ցանկանում է նորից գալ առաջին պլան: ՔՊ-ի ներսից մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատին հասկացնել է տվել, որ չի ների նրանց, ովքեր Թորոսյանի հետ ջերմ հարաբերություններ են պահում ու փորձում են նրա լոբբինգն անել: Կարճ ասած՝ Փաշինյանի մոտ բարեխոսելու ու Արսեն Թորոսյանին նորից առաջ բերելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում, եւ նախաձեռնություններին ընթացք չի տրվում ոչ ուղիղ հրահանգավորմամբ: Ի դեպ, կառավարության որոշ շրջանակներ կարծում են, որ Արայիկ Հարությունյանի շուրջ բարձրացած նախկին աղմուկների հետեւում կարող է լինել հենց Արսեն Թորոսյանը: Մեզ փոխանցում են, որ ուժային կառույցներում կան թղթապանակներ՝ Թորոսյանի կողմից տարբեր տեղերում աշխատանքի տեղավորած անձանց վերաբերյալ եւս, ու դրանք հարմար պահի կօգտագործվեն: Արսեն Թորոսյանի գործադիր վերադառնալու նկրտումների մասին, իհարկե, փորձեցինք զրուցել հենց Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա, ինչպես միշտ, հեռախոսազանգերին չպատասխանեց։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հանդիպում է ունեցել ոստիկանական համակարգի ներկայացուցիչների հետ ու հայտնել, որ իրենց կողքին է: Ավելին` մեզ հասած տեղեկություների համաձայն` վարչապետը այդ հանդիպման ժամանակ նաեւ անձամբ բանավոր հրահանգ է տվել ուժային կառույցների ղեկավարներին, որ որեւէ ոստիկանի որեւէ գործով չկալանավորեն: Նա բացատրել է, որ եթե կալանավորման գնան, ապա ոստիկանների ոգին կկոտրեն, սակայն պետք չէ ոստիկաններին թեւաթափ անել: Ահա, հենց այս հրահանգի հետեւանքով` մինչ օրս ապրիլից մեկնարկած շարժման անդամների նկատմամբ բռնության դեպքով որեւէ ոստիկանի պատասխանատվության չեն կանչել: ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնել են, որ. ««Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից իրականացված հավաքների, բողոքի ակցիաների ընթացքում առերեւույթ հանցավոր արարքների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 59 անձի նկատմամբ։ Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 13-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 15-ի նկատմաբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։ 7 քրեական վարույթ՝ 17 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան». բայց որեւէ ոստիկան անգամ ձեւականորեն չի պատժվում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսված դատախազ Ապրես Գրիգորյանը, որին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գաղտնալսումից հետո աշխատանքից հեռացրեց, դատարանում հաղթել է Աննա Վարդապետյանին: Այս տարվա՝ 2024 թվականի մայիսի 24-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է Ապրես Գրիգորյանի Վճռաբեկ բողոքը: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ պետք է վերացվի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 11.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, եւ կայացվի նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 17.08.2023 թվականի որոշումը եւ Ապրես Գրիգորյանի միջնորդությունը բավարարել՝ կասեցնել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման եւ 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ»: Այսպիսով՝ գլխավոր դատախազը ստիպված է կատարել դատարանի վճիռը եւ գաղտնալսված դատախազին հետ ընդունել աշխատանքի: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի դատախազության՝ արդեն նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի եւ մեկ այլ դատախազի աշխատասենյակում ամիսներ առաջ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել, նրանց ձերբակալել, ապա բաց էր թողել։ Մամուլը գրեց, որ Գրիգորյանը դատախազ Աննա Վարդապետյանին հայտնել է ԱԱԾ-ում իրեն խոշտանգելու մասին, իսկ Վարդապետյանը խոշտանգման մասին դատախազի հաղորդումն ուղարկել է ԱԱԾ, այսինքն՝ այն նույն մարմին, որտեղ, ըստ Գրիգորյանի, իրեն խոշտանգել են։ Արդյունքում՝ գաղտնալսված ու խոշտանգված դատախազներին ազատեցին պաշտոնից, իսկ ահա Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը ազատվեց պաշտոնից այն բանի համար, որ փորձել էր հետամուտ լինել, որ դատախազին խոշտանգողները պատժվեն։ Դատախազին աշխատասենյակում խոշտանգելն անպատիժ թողնելու պատմությունն էլ դարձել էր Պետրոս Պետրոսյանի ու գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանի հրաժարականի պատճառը։

Իշխանականները որոշել են «պատժել» ընդդիմադիր պատգամավորներին եւ նրանց այլեւս պատվիրակությունների կազմում չեն ընդգրկում: Խորհրդարանը դարձել է ՔՊ-ի որջը: Ինչպե՞ս, բացատրենք. այս օրերին ԱԺ հերթական պատվիրակությունն է գործուղվել Գերմանիա, որի կազմում բացառապես ՔՊ-ական պատգամավորներն են: Պաշտոնապես հայտնել են ԱԺ-ից, թե Գերմանիա են մեկնել հայ-գերմանական խորհրդարանական բարեկամական խմբի անդամները, եւ տպավորություն է, թե ամեն ինչ օրինական է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը, Հռիփսիմե Հունանյանը գնացել են առավել բարեկամանալու գերմանական բունդեսթագի ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբում 30 հոգի է ընդրկված, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներ, սակայն Գերմանիա մեկնել են բացառապես իշխանականները:
«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից բացատրեցին, թե պատվիրակության կազմը սովորաբար տվյալ բարեկամական խմբի ղեկավարն է որոշում՝ հաշվի առնելով պատգամավորների ակտիվությունը:
Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավարը Վլադիմիր Վարդանյանն է, ուստի հենց նա է որոշել միայն իր թիմակիցներին գործուղել Գերմանիա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավորներին պատվիրակության կազմերում չընդգրկելը եւս մեկ պատճառ ունի:
Բանն այն է, որ հատկապես վերջին շրջանում ընդդիմադիր պատգամավորները, որոնք նախապես ընդգրկված են եղել պատվիրակությունների կազմում, հրաժարվել են մեկնել գործուղումների ՔՊ-ականների հետ, իշխանոթյունն էլ «պատժում է» ընդդիմադիրներին՝ պատվիրակությունների կազմում չընդգրկելով:




Լրահոս