Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է Արա Ալֆրեդի Սադոյանը, հաղորդում է կազմակերպության ֆեյսբուքյան էջը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար: Պարտավորեցնող է ձեր կողմից ինձ ցուցաբերված վստահության քվեն ստանալը: Առանձնահատուկ շնորհակալություն պարոն Սահակյանին անցնող տարիներին կատարած աշխատանքի համար:
Մեծ ծավալի աշխատանք ունենք կատարելու և վստահեցնում եմ, որ նվիրված աշխատանքի դեպքում մենք անլուծելի խնդիրներ չենք ունենա: Ես կներդնեմ իմ աշխատանքային փորձառության առավելագույն ջանքը մարզաձևի զարգացման, հանրայնացման և միջազգային հարթակներում արժանի ներկայանալու համար:
Չեմ կասկածում, որ ֆեդերացիայի և սպորտաձևի նվիրյալների և ողջ թիմի հետ միասին, մենք կհասնենք մեծ հաջողությունների թե ենթակառուցվածքների զարգացման և թե մարզական արդյունքների առումով: Եվս մեկ անգամ շնորհակալություն վստահության համար»,- նշել է Արա Սադոյանն ընտրվելուց հետո։
Նա հաջողություն է մաղթել Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկներին: