ՎԱՃԱՌՈՂՆ ՕՐԱԿԱՆ 20-50 ՓԱԹԵԹ Է ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թ. սեպտեմբերի 4-ին Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ժամը 14:35-ի սահմաններում ծառայողական ավտոմեքենայով Գրիբոյեդովի փողոցում նկատել են քաղաքացու, ում ձեռքի մեջ երեւացել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ:

 

Վերջինս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու կասկածով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է, որ վերջինս Երեւան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան։

Անձնական խուզարկությամբ նրա կիսատաբատի գրպանից հայտնաբերվել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել 7.56 գրամ նախնական քաշով բուսական զանգված՝ յուրահատուկ հոտով։

Պարզվել է, որ 35-ամյա երիտասարդը սույն թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, տելեգրամյան ալիքից պատվիրել է 110 փաթեթ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը, իրացնելու նպատակով, տեղադրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ տարբեր վայրերում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 35-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս դեռեւս 2024 թ. հուլիսի 20-ից 100 ԱՄՆ դոլար դեպոզիտ գումար մուտքագրելով տելեգրամյան նույն կայքէջի միջոցով իրեն փոխանցված հաշվեհամարին՝ ամենօրյա ռեժիմով սկսել է ձեռք բերել օրական շուրջ 20-50 փաթեթ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնք տեղադրել է Երեւան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն եւ Ավան վարչական շրջանների բազմաթիվ վայրերում։

Միայն սեպտեմբերի 3-ին եւ 4-ին նա Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջաններում տեղադրել է ընդհանուր 154 փաթեթ թմրամիջոց, ապա լուսանկարել դրանց գտնվելու վայրերը եւ կոորդինատներն ուղարկել տելեգրամյան նշված կայք-էջին՝ յուրաքանչյուր փաթեթի դիմաց 7 դոլար գումար ստանալու պայմանով։ Ըստ ստացված տվյալների՝ գումարները փոխանցվում են՝ փոխակերպվելով կրիպտոարժույթներով։

Երիտասարդը պարեկների կողմից կանգնեցվել եւ ձերբակալվել է թմրամիջոցների տեղադրման վայրերի լուսանկարները տելեգրամյան կայքի օգտատիրոջն ուղարկելու ընթացքում։

Վերջինիս մասնակցությամբ կատարվել է համապատասխան քննչական գործողություն, որի ընթացքում Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք վայրերից հայտնաբերվել են 13 փաթեթ թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն՝ անձի մոտ հայտնաբերված ու փորձաքննության ներկայացված փաթեթներում առկա զանգվածը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 35-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԻ ԻՐԱԶԵԿՎԵԼ, ՈՐ ՏՈՒԳԱՆՎԱԾ Է

Թոշակառու, 65-ամյա Աշոտ Դարբինյանն ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել, որ 2022 թվականին Վաղարշյան փողոցում վթար է տեղի ունեցել՝ Opel մակնիշի եւ իր վարած՝ Երեւանի Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ին պատկանող բեռնատարներից մեկի միջեւ:

 

-ԱՊՊԱ»-ն եկել է, գրանցել է, տվել են փաստաթղթեր, որ մեղավոր չեմ, որոնք ստորագրեցի ու գնացինք,- պատմում է նա:

Նրա խոսքով՝ երբ գնացել է աշխատավարձ ստանալու, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արդեն կալանք է դրել գումարի վրա. նրանից պահանջել են 200.000 դրամ:

Երբ Աշոտ Դարբինյանը դիմել է «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ-ին՝ հասկանալու, թե ի՞նչն է կալանքի պատճառը, աշխատակիցը ասել է, որ նա պետք է հատուցի գումարը:

Պարզվում է, որ այդ ընթացքում եղել է դատավարություն եւ մեղավոր են ճանաչվել երկու կողմերն էլ, որի մասին չի տեղեկացվել Աշոտ Դարբինյանը:

«2022 թվականից մեղավոր չեմ, նո՞ր դարձա մեղավոր: Թղթերում գրել են, որ պետական մեքենան ապահովագրված չէ, ես վարորդական իրավունք չունեմ. դրանք բացառապես ստեր են: Ես քաղաքապետարանից աշխատավարձ եմ ստանում, ո՞նց կլինի՝ վկայական չունենամ»:

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Աշոտ Դարբինյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:

ArmLur.am-ը կապ հաստատեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանի հետ՝ գործի մասին մանրամասներ իմանալու նպատակով, վերջինս ասաց, որ վարույթը նոր է իրենց  մոտ հարուցվել՝ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին, եւ պահանջատերը «Նաիրի Ինշուրանս»-ն է:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱՎԻՃԱԿ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 10-ից 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որոնցից 1-ը եղել է նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 17 դեպք, զորակոչից խուսափելու 11, թմրանյութի հայտնաբերման 7, ֆիզիկական ներգործության 6, փողերի լվացման 5, խարդախության 4, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության եւ փաստաթղթի կեղծիքի՝ 3-ական դեպք, հոգեկան ներգործության, շորթման ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական դեպք, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, վտանգի մեջ թողնելու, աշխատանքների պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտության մասին որոշումը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու, տրանսպորտային միջոցի նույնականացման համարը կեղծելու կամ ջնջելու, կեղծ ապացույցներ ներկայացնելու, հողը փչացնելու, շրջանառությունն արգելված, բույսեր ցանելու կամ աճեցնելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության եւ աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության 1 դեպք։

Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

 




Լրահոս